
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի շրջանակում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողները քննարկեցին «Գոնկուր» մրցանակին հավակնող լավագույն չորս գրքերը՝ «Houris», «Madelaine avant l’aube», «Archipels» և «Jacaranda»։ Քննարկումը վարում էր ֆրանսիացի կամավոր Կանտենը։
«Գոնկուր» մրցանակն իր հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես Հայաստանում է։ Այս հեղինակավոր մրցույթը, որը կազմակերպվում է արդեն 121 տարի, 1998 թվականից սկսած՝ ընդլայնել է իր աշխարհագրությունը և այժմ անցկացվում է նաև այլ երկրներում։ Յուրաքանչյուր երկիր ընտրում է իր հաղթողին՝ համապատասխան երկրի ուսանողներից կազմված ժյուրիի միջոցով, որը փարիզյան «Գոնկուր» մրցանակին ներկայացված ստեղծագործություններից ընտրում է լավագույնը։

Ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակն ունի ազգային ժյուրիներ, որոնցում ընդգրկված են նաև հայ ֆրանկոֆոն ուսանողները։ Այսօր Հայաստանն ունի իր սեփական ժյուրիի կազմը, որը բաղկացած է 30 ուսանողից՝ Երևանի պետական, Հայաստանում ֆրանսիական և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանների ֆրանկոֆոն ուսանողներից։
Այս միջոցառման հիմնական նպատակն է խթանել ֆրանսերենի և ֆրանսիական գրականության տարածումը, աջակցել ժամանակակից ֆրանսիալեզու հեղինակների բացահայտմանը և նրանց ստեղծագործությունների տարածմանը Ֆրանսիայի սահմաններից դուրս։

Մի քանի ամիս շարունակ այդ ութ գրքերը ընթերցելուց և դրանց քննարկումներից հետո ուսանողները մարտի 31-ին կընտրեն, թե որ ստեղծագործությունն է հաղթող ճանաչվելու, իսկ «Նյումեգ» հրատարակչությունը հայերեն կթարգմանի հաղթող գիրքը և կհրատարակի այն։