Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անցած ուղին, կրթական ու գիտական ձեռքբերումները, ինչպես նաև ֆակուլտետում գործող ամբիոնների բազմակողմ գործունեությունը համապարփակորեն ներկայացվում են նոր գրքում, որն ընդգծում է օտար լեզուների ուսուցման և մասնագետների պատրաստման կարևորությունը ԵՊՀ-ում։
2024 թվականին տպագրված գիրքը միտված է ամփոփ ներկայացնելու ֆակուլտետի գիտակրթական գործունեությունը, ֆակուլտետի կազմում գործող 9 ամբիոնների ուսումնամեթոդական, գիտահետազոտական և հասարակական բազմակողմանի աշխատանքների նկարագիրը։

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, որը ձևավորվել է 1991 թվականին՝ Բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժնի հիման վրա, տարիների ընթացքում կարողացել է մեծ ճանաչում ձեռք բերել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակում։ Իր զարգացման ընթացքում ֆակուլտետը կարողացել է արդյունավետ կերպով հաղթահարել մարտահրավերները՝ մշտապես թարմացնելով ուսումնական ծրագրերն ու մեթոդները՝ համապատասխանեցնելով դրանք գիտության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոփոխվող պահանջներին։
Ֆակուլտետի պատմությունը՝ ամփոփված գրքում
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նշում է, որ այս տարիների ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք, և արժեր, որ կատարված այդ աշխատանքներն ամփոփվեին մեկ գրքում։
«Մեր ֆակուլտետն ունի արդեն 34 տարվա պատմություն։ Սա ֆակուլտետի մասին չորրորդ գիրքն է, որ լույս է տեսնում։ Այն առավել ընդգրկուն և լրամշակված տարբերակ է՝ համատեղ աշխատանքի արդյունք, որի ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել Սեդա Գասպարյանը։ Գրքի բովանդակությունը ոչ միայն հայերեն և անգլերեն է, այլև այն լեզուներով, որոնք դասավանդվում են մեր ֆակուլտետում՝ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, իսկ հաջորդ տարի տպագրված գրքում կլինի նաև նաև պորտուգալերենը․ այսպիսով, գիրքը բազմալեզու ձևաչափով ներկայացնում է ամբիոնների և ֆակուլտետի գործունեությունը»,- ասում է Գ․ Բարսեղյանը։

Գիրքը կարող է հետաքրքիր և օգտակար լինել ոչ միայն ուսանողների, այլև աշակերտների և ապագա դիմորդների համար՝ որպես ուղեցույց մասնագիտության ընտրության ճանապարհին։
«Շատ հաճախ դպրոցներ այցելելիս գիրքը նվիրում եմ աշակերտներին՝ հույսով, որ նրանք կգտնեն իրենց ապագան լեզուների և հաղորդակցության աշխարհում»,- ավելացնում է դեկանը։
Ներկայում եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 9 ամբիոններում ակտիվ գործունեություն են ծավալում ուսումնամեթոդական, գիտական, գիտամեթոդական ու գիտակազմակերպական, հետբուհական շարունակական կրթության, դիմորդների հետ տարվող աշխատանքների, հրատարակչական, միջազգային համագործակցության և այլ ուղղություններով, որոնց շարքում առաջնային տեղ են զբաղեցնում ուսումնամեթոդական աշխատանքները: Մշտապես ֆակուլտետի տեսադաշտում են ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման, լրամշակման ու բարեփոխման գործընթացները։ Ուսուցումն իրականացվում է օտար լեզուների թե՛ գրավոր, թե՛ բանավոր հաղորդակցական հմտությունների զարգացմամբ, նաև միմյանց լրացնող մասնագիտական տարբեր դասընթացների միջոցով ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ հաղորդելով:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանի խոսքով՝ ֆակուլտետին նվիրված այս գիրքը համակողմանիորեն ներկայացնում է ֆակուլտետի կարևոր ձեռքբերումները, հիշարժան անցուդարձերը և ակադեմիական ակտիվությունը։

«Այս գիրքը դիտարկում եմ ոչ միայն որպես որևէ ժամանակահատվածի լուսաբանում, այլև որպես պատմության վավերացում։ Մեր մասնագիտության ակունքները հասնում են մինչև 1935 թվական՝ այն ժամանակներ, երբ օտար լեզուները սկսեցին ներմուծվել համալսարան և ժամանակի ընթացքում ձևավորվել որպես առանձին ամբիոններ։ Հիշում եմ, որ 2007-2008 թթ․ Եվրամիության առաջարկով մենք պետք է ներկայացնեինք օտար լեզուների, մասնավորապես անգլերենի զարգացման պատմությունը Հայաստանում։ Դրա համար անհրաժեշտ էր հավաքել բարդ և սակավ հասանելի թվային տվյալներ, վիճակագրություն՝ ուսանողների, դասախոսների քանակի, ծրագրերի մասին։ Դա ծանր և աշխատատար գործընթաց էր, սակայն այդ ջանքերի շնորհիվ ծնվեց մի գիրք, որի հիման վրա տպագրվում են ֆակուլտետի մասին պատմող գրքերը, և այսօր դրանք կարևոր աղբյուր են հաջորդ սերունդների համար»,- ընդգծում է նա։
Նշենք, որ գիրքը ներառում է նաև արժեքավոր տեղեկություններ ֆակուլտետի շրջանավարտների մասին, որոնք այսօր դասավանդում են աշխարհի առաջատար համալսարաններում՝ շարունակելով բարձր պահել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անունը միջազգային գիտակրթական համայնքում։
Ֆակուլտետը՝ միջազգային և տեղական համագործակցության ակտիվ հարթակ
Ընթերցողը գրքում կարող է կարդալ այն մասին, թե ինչպես է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը շարունակաբար զարգացնում իր համագործակցային ցանցը՝ սերտ կապեր հաստատելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Ռուսաստանի Դաշնության մի շարք առաջատար համալսարանների հետ։ Այս համագործակցությունները հնարավորություն են տալիս ինչպես դասախոսներին, այնպես էլ ուսանողներին մասնակցելու վերապատրաստումների, զարգացնելու դասընթացների բովանդակությունը և արդիականացնելու առարկայական ծրագրերը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը։

Ֆակուլտետն ակտիվորեն համագործակցում է նաև ՀՀ կրթական հաստատությունների, դեսպանատների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ստեղծելով նոր հարթակներ փորձի փոխանակման և նորարարական ծրագրերի իրականացման համար։
Ֆակուլտետում գործող գիտական և ստեղծագործական հանդեսները՝ «Armenian Folia Anglistika», «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում», «FLSP», «Translation Studies: Theory and Practice», «Ծաղիկ թարգմանությանց», կարևոր դեր ունեն մասնագետների գիտական և ստեղծագործական գործունեության հանրայնացման գործում։ Այս հանդեսները բացում են նոր դռներ նաև շնորհալի ուսանողների և ասպիրանտների առջև՝ հարթակ ստեղծելով տաղանդների բացահայտման, աջակցման և մասնագիտական աճի համար։ Ի դեպ, օրերս «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը պաշտոնապես ընդգրկվեց «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում, ինչը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի գիտական հանրության համար։
Սոնա Շահվերդյան