ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեր էին «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Գուրգեն Մալխասյանը և Գրիգոր Գրիգորյանը:
Երկրաբան Գ․ Գրիգորյանը ներկայացրեց օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների հավաքագրված տվյալների հենքը՝ ստեղծված «Micromine» ծրագրային ապահովումով։ Աշխատանքի համար իբրև սկզբնաղբյուր հանդես են եկել տարբեր տարիների օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների համար կազմված անձնագրեր, հաշվետվություններ և տարբեր մասշտաբների քարտեզներ:
Երկրաֆիզիկոս Գ․ Մալխասյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ներկայացրեց Հայաստանի երկրաբանական քարտեզների շտեմարանը և դրա ստեղծման պատմությունը։
Համանուն, ոչ առևտրային «Հայաստանի երկրաբանական քարտեզներ» կայքէջն իր մեջ ներառում է տարբեր մասշտաբների երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, օգտակար հանածոների և այլ տիպի քարտեզների հավաքածուներ մի շարք երկրաբանների անձնական արխիվներից, ինչպես նաև Հայաստանի հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքէջում ներկայացված հաշվետվություններից: «Հայաստանի երկրաբանական քարտեզներ»-ից կարող են օգտվել ինչպես ուսանողներն իրենց հետազոտական աշխատանքները կատարելիս, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները։