Երևանի պետական համալսարանում շարունակվում են միջազգայնացման գործընթացին ուղղված ակտիվ աշխատանքները՝ ընդլայնելով գիտակրթական համագործակցության սահմանները։ Համալսարանը պաշտոնապես անդամակցել է Ավստրիայի Եվրասիա-խաղաղօվկիանոսյան համալսարանական ցանցին (EPU), ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում գիտաշխատողների, դասախոսների և ուսանողների համար՝ նպաստելով միջազգային գիտական կապերի զարգացմանը և ավստրիական ու այլ առաջատար համալսարանների հետ համագործակցությանը։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտակ Փիլոյանը հայտնեց, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ավստրիայի Եվրասիա-խաղաղօվկիանոսյան համալսարանական ցանցի (EPU) նախագահ, պրոֆեսոր Յոզեֆ Շտրոբլի հրավերով։

«Ավստրիայի Եվրասիա-խաղաղօվկիանոսյան համալսարանական ցանցը հիմնադրվել է Ավստրիայի կրթության և հետազոտությունների միջազգային համագործակցության գործակալության կողմից։ Դրա հիմնական նպատակն է խթանել գիտական և կրթական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի, Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև»,- ասաց Արտակ Փիլոյանը։
Նա նաև փաստեց, որ ԵՊՀ-ի անդամակցությունը Եվրասիա-խաղաղօվկիանոսյան համալսարանական ցանցին մեծ հնարավորություններ է ստեղծում համալսարանի գիտաշխատողների և ուսանողների համար, մասնավորապես՝ զարգանալու են միջազգային գիտական կապերը, դյուրացվելու է համագործակցությունը ավստրիական և այլ առաջատար համալսարանների հետ;
«Այս համագործակցությունը կնպաստի նաև ակադեմիական շարժունության ծրագրերին, ինչը ուսանողներին և դասախոսներին հնարավորություն կտա փոխանակման ծրագրերով սովորելու և դասավանդելու արտերկրում»,- հավելեց Արտակ Փիլոյանը։
Հարկ է նշել, որ այս անդամակցությունը կարևոր քայլ է ԵՊՀ-ի միջազգայնացման գործընթացում։ Այն ամրապնդում է համալսարանի դերը գլոբալ գիտակրթական համագործակցության շրջանակում՝ նպաստելով միջազգային գիտական ու կրթական միջավայրում նրա հեղինակության բարձրացմանը։