Երկրաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
«Երկրաբանություն» բակալավրի կրթական ծրագիրը գործում է ԵՊՀ «Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման» ու «Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական և ջրաերկրաբանության» ամբիոններում բակալավրի կրթական մակարդակների համար, առկա ուսուցման ձևով։ Ուսուցման տևողությունը 4 տարի է։
Ընդունելության պահանջները
«Երկրաբանություն» կրթական ծրագրով բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ է հանձնել հետևյալ մրցութային քննությունները՝
«Մաթեմատիկա» (գրավոր),
«Անգլերեն» (գրավոր) կամ «Աշխարհագրություն» (գրավոր):
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել արդյունաբերության և գիտության տարբեր բնագավառների՝ ռեգիոնալ երկրաբանության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման, հանքային ռեսուրսների գնահատման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում մասնագիտական աշխատանք կատարելու և ուսումնառությունը շարունակելու համար համակողմանի և համակարգված գիտելիքներ և կարողություններ ունեցող մասնագետներ:
Առավելությունները
«Երկրաբանություն» կրթական ծրագիրը միակն է ՀՀ բուհերում, որը պատրաստում է վերոնշյալ ոլորտների մասնագետներ և հնարավորություն է տալիս մասնագիտական գիտելիքների խորացումը շարունակելու մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների նախարարություններում, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ում, կադաստրի կոմիտեում, ՀՀ մարզպետարաններում, հանք շահագործող ընկերություններում, որոնողական և հետախուզական աշխատանքներ կատարող արշավախմբերում, շինարարական գործունեություն իրականացնող միավորումներում։
Կոնտակտներ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ` ashxarh@ysu.am