ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանը Քեմբրիջի համալսարան կատարած գործնական այցի շրջանակում մասնակցել է գիտաժողովի և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ գիտակրթական նոր համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:
ԵՊՀ-ի և բրիտանական բուհերի համագործակցության պատմություն
Երևանի պետական համալսարանի և բրիտանական բուհերի համագործակցությունը մեկնարկեց երկու տարի առաջ, երբ Նունիկ Դարբինյանը մասնակցեց Քեմբրիջի համալսարանի կազմակերպած «Պարսկերենի և պարսից գրականության ուսուցում» միջազգային 3-րդ գիտաժողովին: COVID-19 համավարակը, որի պատճառով գիտաժողովն անցկացվեց առցանց տարբերակով, չխոչընդոտեց նոր ծանոթությունների ու գործակցային կապերի հաստատմանը:
Քեմբրիջի համալսարանի պարսից լեզվի և գրականության բաժնի վարիչ Մահբոդ Ղաֆֆարին առաջարկեց ԵՊՀ-ի հետ համագործակցել «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է արտասահմանցի ուսանողների՝ իրանագիտության և պարսկերենի գիտելիքները խորացնելու համար: Ակտիվ համագործակցության շնորհիվ Քեմբրիջի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներն արդեն իսկ 2022 թ. եռամսյա, 2023 թ. յոթշաբաթյա և եռամսյա ժամկետներով ուսումնառել են ԵՊՀ-ում, հայ և բրիտանացի ուսանողների համար ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել Մահբոդ Ղաֆֆարին:
Մասնակցություն գիտաժողովին
Երկու տարին մեկ անցկացվող միջազգային գիտաժողովին Նունիկ Դարբինյանն այս տարի ևս մասնակցեց՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հայերի և բրիտանացիների՝ պարսից լեզվի ուսուցման մեթոդական առանձնահատկությունները, մարտահրավերներն ու դժվարությունները:
Անդրադառնալով գիտաժողովի ընթացքում ներկայացրած զեկուցմանը՝ Նունիկ Դարբինյանը շեշտեց, որ թե՛ հայ, թե՛ բրիտանացի ուսանողների դեպքում կիրառվում են նորարարական մեթոդներ, խելացի գրատախտակներ և ժամանակակից այլ միջոցներ՝ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
«ԵՊՀ-ում պարսկերենն ուսուցանվում է շաբաթական 7.5 ժամ, իսկ բրիտանական համալսարաններում՝ 4-5 ժամ, այդ պատճառով մեր ուսանողների՝ լեզվի իմացության մակարդակն ավելի բարձր է: Բացի դրանից՝ մեր ուսանողներն ավելի շատ են տեղեկացված Իրանի մասին, քանի որ Հայաստանի և Իրանի միջև կան մշակութային, ինչպես նաև մտածողության ընդհանրություններ, մինչդեռ բրիտանացի ուսանողներն ավելի լավ են հասկանում միջավայրային խնդիրները, ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը գենդերային հարցերի և այլ թեմաների մասին, ինչպես նաև ունեն բանավիճելու ուժեղ հմտություններ»,- ընդգծեց Ն. Դարբինյանը:
Գիտաժողովի կազմակերպիչները ցանկություն հայտնեցին երկու տարի հետո գիտաժողովը կազմակերպելու այլ բուհում. այժմ քննարկման փուլում է Նունիկ Դարբինյանի՝ գիտաժողովը ԵՊՀ-ում անցկացնելու առաջարկը:
«Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրի կատարելագործում
Գործուղման շրջանակում ԵՊՀ դասախոսը հանդիպեց Մահբոդ Ղաֆֆարիի և Քեմբրիջի համալսարանի Ասիայի և Միջին Արևելքի ֆակուլտետի դեկան Քրիստիան վան Ռույեմբեքի հետ՝ քննարկելով «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրի փոփոխությունները և համագործակցության հետագա հնարավորությունները:
Օրինակ՝ հաշվի առնելով հայ և բրիտանացի ուսանողների՝ վերը նշված տարբերությունները՝ որոշվեց շաբաթական 5 օրվա փոխարեն բրիտանացիներին ԵՊՀ-ում առանձին դասավանդել 4 օր, իսկ մեկ օրը բրիտանացի և հայ ուսանողները դասապրոցեսին կմասնակցեն միասին, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու ուսանողների մտահորիզոնը, սովորելու միմյանցից և ամրապնդելու միջուսանողական կապերը: Հաջորդ կիսամյակից բրիտանացի երկու ուսանողներ, բացի պարսկերենի ուսուցման հիմնական դասընթացից, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների հետ կմասնակցեն նաև պարսկերենով դասավանդվող «Իրանական մշակույթ և էթիկա», «Խոսակցական պարսկերեն» և այլ դասընթացների:
«Բրիտանական բուհերը հետաքրքրված են ոչ միայն ԵՊՀ արևելագիտության, այլև ռուս բանասիրության, միջազգային հարաբերությունների և այլ ֆակուլտետների որոշ դասընթացներով, ուստի զարկ ենք տալու բրիտանական բուհերի և ԵՊՀ այլ ֆակուլտետների համագործակցություններին ևս»,- ընդգծեց Ն. Դարբինյանը:
Գործընկերային կապերի ընդլայնում Քեմբրիջի համալսարանի հետ
«Հաշվի առնելով որոշ չափանիշներ՝ ԵՊՀ ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները հետագայում հնարավորություն կստանան կարճաժամկետ (2 շաբաթ) կամ երկարաժամկետ (առավելագույնը՝ 2 ամիս) այցելություններ կատարելու Քեմբրիջի համալսարան՝ մասնակցելով դասընթացների: Նրանց համար հասանելի կլինեն Քեմբրիջի համալսարանի բոլոր գրադարանները»,- նշեց Ն. Դարբինյանը: Նա հավելեց, որ ԵՊՀ դասախոսները ևս հնարավորություն կստանան կարճաժամկետ դասավանդելու Քեմբրիջի համալսարանում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ դասախոսն ընդգծեց, որ համագործակցության եզրեր են տեսնում նաև համաղեկավարությամբ ասպիրանտական աշխատանքներ ունենալու, ինչպես նաև պարսից գրականության և լեզվաբանության ոլորտում եվրոպական երրորդ երկրի մասնակցությամբ եռակողմ դրամաշնորհային ծրագրի դիմելու ուղղությամբ:
Համագործակցության հնարավորություններ այլ բուհերի հետ
Գիտաժողովի մասնակից այլ երկրների (ԱՄՆ, Նիդեռլանդներ, Սերբիա, Իրան և այլն) բուհերի ներկայացուցիչների հետ ևս անցկացվեցին քննարկումներ՝ միտված գործակցային կապերի ընդլայնմանը և նոր համագործակցությունների հաստատմանը:
ԵՊՀ դասախոսը մասնավորապես շեշտեց. «ԱՄՆ-ի համալսարանների դասախոսները ևս հետաքրքրված են «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրով և ցանկություն ունեն իրենց ուսանողներին մեզ մոտ ուղարկելու: Իրանի համալսարաններից առաջարկ եղավ պարսկերենի ստանդարտացված քննությունները անցկացնելու ԵՊՀ-ում, որտեղ տարբեր երկրներից ուսանողներ կգան և կհանձնեն լեզվի իմացության մակարդակի ստուգման քննություն և այլն»:
Նունիկ Դարբինյանն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստ է գործակցային ամուր կապեր ստեղծելու աշխարհի տարբեր երկրների բուհերի հետ՝ առանցքային դեր խաղալով ԵՊՀ միջազգայնացման գործում:
Լիլիթ Մկրտչյան