ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործուղվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան (Գերմանիա): Գործուղման շրջանակում ամրապնդվել է համալսարանների միջև կապը՝ ուղենշելով հումանիտար ֆակուլտետների առավել սերտ գործակցության ճանապարհ:
Պատմում է Նաիրա Պողոսյանը:
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցության նախապատմությունը
Ծրագրով առաջին անգամ 2018 թ. մեկնեցի Անկարա՝ Մերձավորարևելյան տեխնիկական համալսարան (Թուրքիա), որտեղ անցկացվում էր դասախոսական կազմի փոխանակման ծրագիր (Staff week): Դա թուրքագետի համար հրաշալի հնարավորություն էր՝ ներսից ծանոթանալու թուրքական կրթական համակարգին: Հաջորդ այցս «Էրազմուս+» ծրագրով 2022 թ. էր, երբ մեկնեցի Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարան (Լեհաստան), որտեղ արդեն հանդես եկա Թուրքիայի սոցիալ-մշակութային մարդաբանության մասին դասախոսություններով:
«Էրազմուս+» ծրագրի նոր հնարավորությունները հումանիտար գիտությունների բնագավառում
ԵՊՀ պատվիրակության կազմում 2023 թ. դեկտեմբերին մասնակցեցի Բեռլինի Հումբոլդտի համալսարանում (Գերմանիա) «Էրազմուս+»-ի շրջանակում անցկացված փոխանակման ծրագրին: Հումբոլդտի համալսարանն աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է, ուստի այնտեղ լինելն ու ԵՊՀ-ն ներկայացնելը շատ կարևոր և պարտավորեցնող փորձառություն էր: Մենք այս համալսարանի հետ բնագիտական ոլորտում սերտ գործակցության փորձ ունենք թե՛ գիտական, թե՛ դասախոսների և ուսանողների փոխանակման հնարավորությունների շրջանակում: Իսկ այս գործուղման ժամանակ հնարավորություն ստացանք քննարկելու նաև հումանիտար գիտությունների, առաջին հերթին՝ արևելագիտության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերը, գտնելու գիտական ընդհանուր հետաքրքրություններ: Նշեմ, որ իրենք էլ բավականին հետաքրքրված էին հումանիտար գիտությունների բնագավառում նոր համագործակցության հաստատմամբ:
Սա հաջողված սկիզբ էր, քանի որ կարողացանք նախանշել գիտական ընդհանուր հետաքրքրությունների շրջանակ, որը, հուսամ, կդառնա համագործակցության համար ամուր հիմք:
Արտասահմանյան փորձի փոխանակումը՝ գիտնականի մտահորիզոնի ընդլայնման գրավական
Երբ մեկնում ենք արտասահմանյան բուհեր և շփվում օտարերկրյա գործընկերների հետ, նորը բացահայտելու, գիտական կարողություններն ու հմտությունները զարգացնելու, գիտելիքները հարստացնելու բազում հնարավորություններ ենք ստանում, ինչպես նաև ձեռք ենք բերում «նեղ» իրականությունից դուրս նայելու, այլ կերպ մտածելու, գիտական մի շարք հարցեր այլ տեսանկյունից դիտարկելու փորձ: Դրա հետ մեկտեղ ուրախությամբ արձանագրում ենք, որ մենք էլ ունենք այն ներուժը, որն անհրաժեշտ է վարկանիշային աղյուսակներում համաշխարհային առաջատար համալսարանների հետ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար:
ԵՊՀ-ում կատարվող փոփոխությունները՝ գիտական կյանքի զարգացման խթան
Վերջին տարիներին ԵՊՀ-ում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում գիտության զարգացման համար: Օրինակ՝ անցյալ տարի լուծվեց առցանց գրադարանների հասանելիության խնդիրը, շարունակաբար քայլեր են ձեռնարկվում տեխնիկական հագեցվածության հարցը լուծելու ուղղությամբ, ինչը շատ կարևոր է գիտության զարգացմանն ուղղված անհրաժեշտ միջավայրի ստեղծման համար:
Միջազգային տարբեր համալսարանների հետ գործակցությունը հատկապես արդյունավետ է դառնում համապատասխան ստորաբաժանման՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պատասխանատու մոտեցման շնորհիվ: Գնահատելի են ԵՊՀ միջազգայնացման ուղղությամբ կատարվող բոլոր աշխատանքները:
Էմիլյա Հոսյան