ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. փետրվարի 4-12-ը աշխատանքային այցով ՌԴ-ում էր։ Ռուսաստանյան արևելագիտական կենտրոնների հետ համագործակցության կապերը վերականգնելու և զարգացման նոր հեռանկարներ ուրվագծելու նպատակով Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գիտակրթական հաստատությունների պատասխանատուների հետ անցկացվեցին մի շարք հանդիպումներ, ձեռք բերվեցին գիտակրթական բնագավառին առնչվող պայմանավորվածություններ։
Ներկայացնելով այցի մանրամասները՝ պրոֆեսոր Ռ․ Մելքոնյանը նշեց, որ եղել են Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների պետական ինստիտուտում և հանդիպել ղեկավար կազմի հետ, այցելել Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (որտեղ նույնպես կա արևելագիտական ուղղվածություն)։
Այցի շրջանակում քննարկել են համագործակցության տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացում (նաև դրամաշնորհային), դասագրքերի հրատարակություն, գիտական ամսագրերի հրատարակման գործում փոխադարձ աջակցություն և այլ հարցեր:
Պրոֆեսոր Ռ․ Մելքոնյանը առանձնացրեց նաև այցը Սանկտ Պետերբուրգ և գործնական հանդիպումը Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Միխայիլ Պիոտրովսկու հետ, որը նաև Պետական Էրմիտաժի տնօրենն է:
«Համագործակցության չիրացված մեծ պոտենցիալ կա, ուստի պետք է այդ բացը լրացնել: Եղել ենք Պետական Էրմիտաժում և ձեռք ենք բերել համաձայնություն, որպեսզի ուսանողների կամ դասախոսների փոխանակման դեպքում տվյալ անձինք հնարավորություն ունենան որոշակի վերապատրաստում անցնելու հենց Էրմիտաժում»,- մանրամասնեց պրոֆեսորը:
Ռուսաստանյան արևելագիտության զարգացման մեջ ծագումով հայ մասնագետները մեծ ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ: Ավանդաբար համարվում է, որ ռուսական և հայկական արևելագիտական դպրոցները ունեն նույն արմատը, բազմաթիվ ընդհանրություններ։ Այդ երկու դպրոցները միմյանց կապված են եղել սերտ համագործակցությամբ, ուստի այցը ոչ միայն արարողակարգային էր, այլև երբեմնի կապերը վերականգնելու և նոր իրողությունների լույսի ներքո զարգացման հեռանկարները նախանշելու միտում ուներ:
Նշենք, որ ֆակուլտետի դեկան, պ․գ․դ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին ուղեկցում էին, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Վարուժան Գեղամյանը և նույն ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Մհեր Աբրահամյանը։