ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Դեսպանը հանդես է եկել «Դիվանագիտությունը և դրա գործառույթները» թեմայով դասախոսությամբ, որին ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանը նշեց, որ Իրանը բարեկամ երկիր է, իսկ դեսպանը՝ ֆակուլտետում սպասված հյուր և բարեկամ:
Դասախոսության շրջանակում դեսպանը մանրամասն ներկայացրեց դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում, դրա հիմնական գործառույթներն ու արդիական նշանակությունը: Նա ներկայացրեց նաև Իրանի վարած արտաքին քաղաքականությունը՝ անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային դիվանագիտական հարցերին։ Դեսպանը հստակեցրեց Իրանի դիրքորոշումները միջազգային հարաբերությունների մի շարք կարևորագույն խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց պատմական և արդի հիմքերը։
Դեսպանը անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության հիմնական նպատակներին՝ տարածքային ամբողջականության պահպանում, անվտանգության ապահովում, սոցիալական բարեկեցության և տնտեսական զարգացման խթանում, ուժի և հեղինակության ավելացում։ Իր ելույթում դեսպանը մանրամասնորեն խոսեց նաև ազգային շահի տարրերի մասին, որոնք ձևավորում են արտաքին քաղաքականության հիմքերը: Նա առանձնացրեց չորս հիմնական տեսակ՝
1. էքզիստենցիալ շահ - այն շահը, որի խաթարման դեպքում երկրի պետական համակարգը կարող է քանդվել,
2. կենսական շահ - երկարաժամկետ կարևորություն ունեցող շահեր, որոնք ուղղված են երկրի բարօրության ապահովմանը,
3. քաղաքական, տնտեսական և առևտրային շահեր, որոնք ձևավորում են արտաքին հարաբերությունների հիմքը,
4. կարևոր շահեր, որոնք ներառում են քաղաքացիական խնդիրներ և հյուպատոսական հարցեր:
Հանդիպման երկրորդ հատվածում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու դեսպանին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։