Դեռևս 2024 թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պատվիրակությունը, դեկան, պ.գ.դ., պրոֆ. Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ, այցելել է Մոսկվայի պետական համալսարան՝ երկու համալսարանների միջև առկա կապերը վերականգնելու և մի շարք համատեղ ծրագրերի իրագործման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Որպես ձեռք բերված պայմանավորվածությունների հաստատում՝ ս.թ. մարտի 13-15-ը պաշտոնական այցով Երևան է ժամանել Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությունը՝ այդ համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆ. Ա. Մասլովի, նույն ինստիտուտի միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Ե. Սինցովայի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ա. Մուրավյովի գլխավորությամբ:
Ըստ այդմ՝ ԵՊՀ-ի և ՄՊՀ-ի միջև վերաթարմացվել է միջբուհական համագործակցության պայմանագիրը՝ հատուկ շեշտադրելով Արևելագիտության ֆակուլտետի և Ասիայի ու Աֆրիկայի ինստիտուտի համագործակցությունը: Այն ենթադրում է ԵՊՀ-ում և ՄՊՀ-ում դասախոսություններով և սեմինարներով հանդես գալու նպատակով դասախոսների փոխանակում, ուսանողների փոխանակում, համատեղ գիտաժողովների (որոնցից առաջինը նախատեսվում է կազմակերպել ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանում), ամառային դպրոցների կազմակերպում, համատեղ հրատարակություններ և գիտական գործակցության այլ շրջանակներ:

Այցի շրջանակում ս.թ. հուլիսին Հայաստանում ամառային դպրոց կազմակերպելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին մասնակցելու են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ: Ամառային դպրոցում դասավանդելու են ֆակուլտետի մասնագետները, ինչպես նաև երկու դասախոսներ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համալսարաններից:
Կողմերի միջև համատեղ հրատարակությունների շուրջ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ՝ որոշվել է հրատարակել Մոսկվայի պետական համալսարանի «Вестник МГУ» ժողովածուի համատեղ համար՝ հայաստանցի և ռուսաստանցի մասնագետների հոդվածներով: Պրոֆ. Ա. Մասլովը ընդգրկվել է «Արևելագիտության հարցեր» ժողովածուի խմբագրական կազմում, իսկ պրոֆ. Ռ. Մելքոնյանին «Вестник МГУ»-ի խմբագրական խորհրդում ընդգրկվելու առաջարկ է ներկայացվել:
Համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նշանակալի իրադարձություն է Մոսկվայի պետական համալսարանում սեպտեմբերից մեկնարկող հայագիտության ծրագիրը, որի շրջանակում բազմակողմանի գիտական համագործակցություն է հաստատվելու, որին իր օրհնությունն է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա ընդունել է պրոֆ. Ռ. Մելքոնյանի ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը՝ խոստանալով ամեն կերպ աջակցել վերոնշյալ ծրագրին:

Որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հերթական գիտական ձեռքբերում՝ պետք է առանձնացնել ֆակուլտետում «Չինագիտություն» ծրագիր մեկնարկելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի շրջանակում ռուսաստանցի մասնագետները պատրաստակամություն են հայտնել հանդես գալու դասախոսություններով՝ թե՛ առցանց, թե՛ անցանց ձևաչափերով, հայերեն թարգմանելու Չինաստանի պատմությանը վերաբերող իրենց դասագրքերը, հայ ուսանողներին հնարավորություն տալու մասնակցելու Մոսկվայի պետական համալսարանի և չինական բուհերի համատեղ ամառային դպրոցին Չինաստանում, ինչպես նաև հայ ուսանողներին մեկ կիսամյակ հյուրընկալելու Մոսկվայի պետական համալսարանում՝ չինագիտության մասնագիտության մեջ հմտանալու նպատակով: