Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ սիրով հրավիրում է ներկա գտնվելու օգոստոսի 28-30-ը կայանալիք «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովը արաբագիտության և իսլամագիտության ոլորտում նախարդիական ու վաղարդիական շրջաններին վերաբերող բանավեճերի ու մարտահրավերների քննարկման համար ընդհանրական հարթակ ստեղծելու նպատակ ունի՝ համախմբելով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ուսումնասիրությունների տարբեր ոլորտների փորձագետներին։
Թեմատիկ և մեթոդաբանական հիմնական հասկացությունների վրա հիմնվելով՝ գիտաժողովի գլխավոր խնդիրն է անցյալի դինամիկ հասարակությունները պատշաճ ներկայացնող, միատարր պատկերումներից զուրկ գիտական մոտեցումների քննարկումն ու ուրվագծումը։ Գիտաժողովը կփորձի պատասխանել «Ի՞նչ է իսլամի պատմությունը», «Ինչպե՞ս ուսումնասիրել իսլամը» հարցերին և բացահայտել մուսուլմանների և ոչ մուսուլմանների, ինչպես նաև մուսուլմանների և այլ մուսուլմանների փոխկապակցված պատմությունները։ Խալիֆայական և կայսերական պատմություններն իրենց բազմակենտրոնությամբ, էթնոլեզվական և կրոնական բազմազանությամբ հետազոտական մարտահրավերներ են, որոնք պահանջում են պատմագիտական կուռ մեթոդներ ու միջգիտակարգային սերտ քննարկումներ։ Ավելին, վաղ իսլամական աղբյուրների և դրանց փոխանցման հակասական բնույթը, հակադիր մեկնաբանությունների հավանականությունն ավելի են բարդացնում ոլորտի ուսումնասիրությունը:
Գիտաժողովի նպատակներից է նաև վերաքննել վաղարդիական շրջանում առկա փոխհարաբերությունները՝ գիտելիքի, առևտրային ու մշակութային արտադրանքը, ինչպես նաև տարածաշրջանի սոցիալական և քաղաքային զարգացման գործում հայերի և մուսուլմանների ներդրումը հաշվի առնելով, ինչը հարմար դիտանկյուն է գլոբալացված իսլամական և իսլամական ազդեցություն կրող աշխարհների ձևավորվող օրինաչափությունը հասկանալու համար։
Գիտաժողովը նաև խթան է դառնալու կրոնի և ադաբի փոխհարաբերությունների շուրջ բազմակողմանի քննարկումների համար: «Ուլամայի» և «ուդաբայի» դերերի մանրամասն ուսումնասիրության նպատակն է ավելի սերտորեն առնչվել իսլամական պատմությանը։
Թվային հումանիտար գիտության ու դրա փոխակերպող դերի վերաբերյալ քննարկումները կօգնեն հասկանալու տեխնոլոգիայի և հումանիտար գիտությունների փոխկապակցվածությունը` շեշտադրելով արաբագիտության և իսլամագիտության ոլորտներում դրանց ազդեցությունը, մարտահրավերներն ու ապագա զարգացումը:
Գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ։