Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցության շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ ներգրավվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կատարվող ազգագրական դաշտային հետազոտական աշխատանքներում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Էմմա Ղուկասյանը Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Արսեն Հակոբյանի ղեկավարությամբ 2023 թ․ դեկտեմբերի 3-17-ը փախստականներին առնչվող հետազոտություններ է կատարել Ռուսաստանի Դաշնությունում:
«Եղել ենք Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Դոնի Ռոստով քաղաքներում, հարցազրույցներ ենք անցկացրել 1988 թ․ Ադրբեջանից բռնագաղթած հայերի հետ, ուսումնասիրել ենք նրանց՝ տնից հեռանալու պատճառները, կորուստները ու այժմ առկա խնդիրները։ Հավաքագրած նյութը համեմատվելու է պատմական փաստերի հետ, ինչը հետագայում նոր եզրահանգումների ուղենիշ կարող է դառնալ»,- ասաց Էմման:
Նա ընդգծեց, որ բանասացների հետ կապ են հաստատել ինչպես Հայաստանում եղած ժամանակ, այնպես էլ Ռուսաստանում՝ փնտրելով ու հանդիպելով նրանց, ինչը բավական դժվար էր օտար երկրում։
Էմման «Հնագիտություն և ազգագրություն» կրթական ծրագրի առաջին ուսանողն է, որն ազգագրական դաշտային հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել է արտերկիր։ Նա պատմեց, որ այսօրինակ հետազոտություններ դեռ երրորդ կուրսից կատարում է Հայաստանում։
Խոսելով իր ընտրած մասնագիտությունից՝ նա ասաց, որ իրենք գործնականում փորձում են ցույց տալ, թե իրադարձություններն ինչպես են զարգացել ու ինչ հետևանքներ են ունեցել: Ըստ նրա՝ այդ ուսումնասիրությունները կարող են նպաստել ապագայում նման խնդիրների բախվելիս առավել արդյունավետ քայլերի ձեռնարկմանը:
«Ինձ հնարավորություն էր ընձեռվել ծանոթանալու ազգագրական մեթոդներին հենց ուսումնասիրության դաշտում, ինչը շատ կարևոր էր ստացած տեսական գիտելիքը գործնականում կիրառելիս։ Դաշտային աշխատանքներին մասնակցելը մեծ փորձ էր, քանի որ դա իմ մասնագիտության ամենակարևոր բաղադրիչներից է։ Իսկ փախստականության թեմային անդրադառնալը կարևորում եմ, քանի որ այդ խնդրին մենք այժմ ևս բախվում ենք»,- նշեց Էմման։
Համեմատելով Հայաստանում և Ռուսաստանում կատարած հետազոտությունները՝ Էմման վստահեցրեց, որ Հայաստանում բավական հեշտ է եղել շփումը բանասացների հետ․ «Մենք դասախոսների հետ մի քանի օր մնացել ենք մի գյուղում ու զրուցել բանասացների հետ։ Այստեղ դժվարությունն այն է, որ ժամանակը քիչ է, իսկ բանասացի վստահությունը շահելն այդքան էլ հեշտ չէ»։
Հետազոտության արդյունքում հավաքագրված նյութերը պահպանվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում և հասանելի են հետազոտողներին, այդ թվում՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին: Հետազոտական աշխատանքների արդյունքները հետագայում հրապարակվելու են գիտական հոդվածների տեսքով, ինչպես նաև ընդգրկվելու են Է․ Ղուկասյանի ավարտական աշխատանքում:
Պատմության ֆակուլտետի ուսանողը, ներկայացնելով կատարած հետազոտական աշխատանքը, ասաց, որ հավաքագրված նյութերից յուրաքանչյուր հետազոտող իր հետաքրքրությունների շրջանակում օգտակար տեղեկություններ գտնելու հնարավորություն ունի, ինչպես, օրինակ, ինտեգրացիայի խնդիրներին, տոները չպահպանելու վերաբերյալ ուսումնասիրություններին և այլ թեմաների առնչվող նյութեր։
Նշենք, որ այս տարի ԵՊՀ պատմության ֆակուլտետից ավելի քան տասը ուսանող ներգրավվել է ազգագրական դաշտային հետազոտությունների։