Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցեցին դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 115 աշակերտներ ՀՀ 10 մարզերից և Երևանից։ Նրանցից 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ն կպարգևատրի դիպլոմներով և կրթաթոշակներով, 18-ին՝ գովասանագրերով:
Արդեն 7-րդ տարին է, ինչ «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Սա պատահական չէ. օլիմպիադայի հանրապետական փուլի հանձնաժողովի անդամների մեծ մասը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, Պատմության օլիպիադայի հանրապետական փուլի հանձնաժողովի նախագահ Միքայել Մալխասյանը, ընգծելով ԵՊՀ-ի դերակատարումը օլիմպիադայի կազմակերպման հարցում, նշեց. «Հանձնաժողովի կազմում մեծ մասամբ համալսարանականներ են, և արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ օլիմպիադան պետք է ունենա «համալսարանական կնիք»: Սա չափազանց կարևոր է, քանի որ ԵՊՀ պատմության ֆակուլտետը հայ պատմագիտության «դարբնոցներից է»: Օլիմպիադայի հանրապետական փուլի՝ ֆակուլտետում անցկացումը նաև լավ հնարավորություն է աշակերտների համար՝ լինելու համալսարանում և ծանոթանալու բուհին: Հավելեմ նաև, որ օլիմպիադայի մասնակիցների մեծ մասը հետագայում դառնում է ԵՊՀ ուսանող»:
Յուրաքանչյուր տարի օլիմպիադայի հանրապետական փուլ է անցնում 110-120 աշակերտ: Քննական թեստերը կազմում են հանձնաժողովի անդամները, որոնք մշտապես կատարելագործում են առաջադրանքները՝ դրանք դարձնելով առավել հետաքրքրաշարժ։
«Ճիշտ է, քննական թեստերը կազմվում են դպրոցական ծրագրի շրջանակում, բայց չեն պարունակում լոկ դասագրքային հարցադրումներ. սա միասնական քննություն չէ, այլ նոր փորձառություն, հետևաբար՝ փորձում ենք ապահովել հետաքրքրաշարժությունը, օբյեկտիվությունը և, իհարկե, չափելիությունը: Նման մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջին 3 տարում բողոքարկման ժամանակ ունեցել ենք միայն 1 դեպք, երբ կատարել ենք միավորի փոփոխություն: Յուրաքանչյուր տարի ունենում ենք որակական աճ, միջին գնահատականը բարձրանում է, ինչը շատ ուրախալի է»,- ասաց Մ. Մալխասյանը:
Պատմության օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաև ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: Միքայել Մալխասյանը, առանձնացնելով ՈՒԳԸ-ի՝ օլիմպիադայի կազմակերպման աշխատանքներում ընդգրկված լինելու կարևորությունը, նշեց. «Սա ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերելու նոր փորձառություն, այլև աջակցելու օլիմպիադայի համաչափ կազմակերպմանը, շփվելու կրտսեր սերնդի ներկայացուցիչների հետ: Օլիմպիադան կարծես դառնում է կապող օղակ սերունդների միջև՝ աշակերտներ, ուսանողներ, հանձնաժողովում ընդգրկված երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչներ»:
Առավել բարձր արդյունքներ գրանցած աշակերտները ոչ միայն ստանալու են խրախուսական նվերներ ԿԳՄՍՆ-ից, այլև համալսարանական հրատարակության գրքեր, ինչը հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացում կազմելու ներհամալսարանական գիտահետազոտական միջավայրի մասին: