ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և նույն ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյանը ներկայացրին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագիրը և նրա դերակատարումը Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Համլետ Պետրոսյանը և Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (Փարիզ) պրոֆեսոր Աննա Լեյլոյան-Եկմալյանը նախաձեռնել և իրականացնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագիրը։ Այն ակադեմիական եռալեզու անկախ հարթակ է, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնում և մեկնաբանում է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում։ Գիտական խումբը ձևավորվել է միջգիտակարգային սկզբունքի հիման վրա։ Խմբում ներգրավված են հնագետներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագետներ, մեդիամշտադիտարկման մասնագետներ, թարգմանիչներ:
Աշխատանքները տեսանելի դարձնելու և հանրայնացնելու նպատակով գործարկվել է www.monumentwatch.org կայքէջը։ Այն մեկնարկել է 2021 թ. մայիսի 15-ին՝ շուրջ վեցամսյա նախապատրաստական աշխատանքներից և հայեցակարգ մշակելուց հետո։
«Ծրագրի հիմնական նպատակներն են Արցախի անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը, ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում և փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն) և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը»,- նշեց ծրագրի գիտական ղեկավար Հ. Պետրոսյանը:
Խոսելով կայքէջում հրապարակված հոդվածների մասին՝ Հ. Պետրոսյանը շեշտեց. «Խումբը հստակ խնդիր է դրել կատարել գիտական, ակադեմիական աշխատանք։ Այդ պատճառով կարևոր է, որ հոդվածներն ունենան միանման կառուցվածք։ Պարտադիր ներկայացվում է հուշարձանների տեղադրությունը, տրվում է պատմամշակութային ակնարկ, ինչպես նաև քննարկվում են թեմայի շուրջ արտահայտված գիտական բոլոր տեսակետները, արվում սեփական եզրակացություններ»։
Ծրագրի մեդիամշտադիտարկման խումբը գրանցել է միջազգային կոնվենցիաների խախտման ահազանգի շուրջ 150 դեպք։
«Կայքէջի համապատասխան բաժնում գրվում է իրադարձության մասին և ներկայացվում խմբի մանրամասն արձագանքը։ Փաստերով հիմնավորվում են, թե Ադրբեջանը միջազգային որ կոնվենցիաներն է խախտել»,- նշեց Հ. Մուրադյանը։
Գիտական խումբը նախաձեռնել է նաև Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային բնակավայրերի հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։ «Սյունիքի մարզի շուրջ 50 և ավելի բնակավայրերում կատարել ենք դաշտային հետազոտություններ։ ՀՀ սահմանային բնակավայրերի հուշարձանների նկարագրությունները նույն սկզբունքով ներկայացվում են կայքէջում»,- ասաց բանախոսը։
Հ. Մուրադյանը փաստեց, որ վերջին երեք ամիսներին էապես աճել է կայքէջի դիտորդների թիվը։ Դիտումների եռամսյա հաշվետվությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից, մասնավորապես՝ Բաքվից, կայքէջը շատ ինտենսիվ ուսումնասիրում են։
Նշենք նաև, որ կայքէջում հասանելի է ինտերակտիվ քարտեզ, որի շնորհիվ հնարավոր է հստակ կոորդինատներով որոշել հուշարձանների տեղադրությունը և կարդալ համապատասխան տեքստը։
Հավելենք, որ սեմինար-քննարկումը կազմակերպվել է 2023 թ. գիտական արդյունքների ամփոփիչ գիտաժողովի շրջանակում։