ԵՊՀ պատմության ֆակուլտետ այցելեց Պոմերանիայի համալսարանի (Սլուպսկ, Լեհաստան) դոցենտ, Լեհական բանասիրական բաժնի հայագիտության կենտրոնի անդամ Լուկաշ (Ղուկաս) Տրեշչյակը և ներկայացրեց դասախոսությունների շարք՝ Լեհաստանի հայկական սփյուռքի պատմության, հայ-լեհական մշակութային կապերի և մարդաբանության վերաբերյալ։ Դասախոսություններն անցկացվեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։
Պոմերանիայի համալսարանի դոցենտի գիտական հետաքրքրությունների շրջանակում է Լեհաստանի հայ համայնքի մարդաբանության ուսումնասիրությունը։
Բանախոսը բառարաններից դուրս բերված օրինակներով ներկայացրեց հայկական ազգանունների սլավոնականացման խնդիրները։ Լեհաստանում հայկական ազգանունների սլավոնականացումը պայմանավորված է եղել լեզվական, սոցիալական, պատմական և մշակութային գործոններով։ Լ. Տրեշչյակը նշեց, որ հայկական ազգանունները ենթարկվել են փոփոխությունների՝ լեհերենի հնչյունական և լեզվական օրինաչափություններին համապատասխան: Հաճախ ազգանունները թարգմանվել են իրենց ամենամոտ համարժեքներով կամ հայկական ազգանուններին ավելացվել են լեհական ածանցներ՝ ավելի սլավոնական տեսք հաղորդելու համար: Լ. Տրեշչյակը ընդգծեց, որ ազգանունների սլավոնականացումը նպաստել է տեղի հայության արագ ինտեգրմանը։
Դասախոսությունների ընթացքում Լ. Տրեշչյակն անդրադարձավ Լեհաստանի հայ համայնքի մշակութային, պատմական և սոցիալական փոխազդեցությունների ուսումնասիրության անհրաժեշտությանը։ Ըստ հետազոտողի՝ մարդաբանական հետազոտությունները պատկերացում են տալիս Լեհաստանի հայ համայնքի ձևավորման, ներքին տեղաշարժերի, հայության տնտեսական գործունեության, հայ-լեհական մշակութային կապերի և լեզվաբանական առանձնահատկությունների վերաբերյալ։
Դասախոսություններին մասնակցեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերում սովորող ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսին: