ԵՊՀ-ում տեղի ունեցավ Պատմության ֆակուլտետի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի հրատարակած «Գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի 21-րդ հատորի՝ «Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» խորագրով գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր ՀՃՈՒ հիմնադրամի գործունեության 55-ամյակին։
«Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» խորագրով աշխատությունն ամփոփում է 2011 թ․ ՀՃՈՒ արշավախմբի կողմից Հնդկաստանի 9 հայահոծ բնակավայրերից հավաքագրված հայկական վիմագրերը։ Դրանք, անկախ ծավալից, բովանդակությունից, պահպանվածության աստիճանից կամ լեզվից (հայերեն, պարսկերեն, անգլերեն, լատիներեն, վրացերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն), հրատարակվել են բնօրինակին համապատասխան և թարգմանվել հայերեն:
Աշխատությունը ներառում է ընդհանուր 2291 արձանագրություն, որի մոտ ութսուն տոկոսը հրատարակվում է առաջին անգամ։ Գիրքը նվիրված է Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 և Հնդկաստանում Հայաստանի դիվանագիտական մշտական ներկայության 30-ամյակին։
Արշավախումբը Հնդկաստանում իր գործունեությունը ծավալել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, իսկ գրքի հեղինակն է ՀՃՈՒ հիմնադրամի վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Միջոցառումը նշանավորվեց նրանով, որ հիմնադրամը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահին նվիրեց իր հրատարակությունների ամբողջական հավաքածուն։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, խոսելով ՀՃՈՒ հիմնադրամի գործունեության և ստեղծած գիտական ժառանգության մասին, նշեց. «Շատ կարևոր է, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետը համալրվում է նման արժեքավոր գրականությամբ, որը հնարավորություն կընձեռի մտածելու, վերլուծելու, եզրակացություններ անելու և հետազոտական նոր գաղափարներ ձևակերպելու։ Կարծում եմ, որ սա լավ նախաձեռնություն է՝ ֆակուլտետում գիտական մտքի զարգացման և ընդլայնման համար։ Վստահ եմ, որ այդ արդյունքները շուտով կզգանք հետազոտական և կրթական նախաձեռնությունների տեսքով»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, մեծապես արժևորելով ՀՃՈՒ հիմնադրամի նշանակալի նվիրատվությունը, ընդգծեց, որ պատմության, ճարտարապետության, ինքնության հետազոտողների մի ամբողջ սերունդ մասնագիտական դաշտում կայացել է այդ հրատարակությունների հեղինակների ներդրած ջանքերի շնորհիվ։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Դեսպանի մասնակցությամբ անցկացված գրքի շնորհանդեսը վկայում է հայ և հնդիկ ժողովուրդների միջև պատմական կապերի մասին։
Դեսպանը, արժևորելով գրքի հրատարակությունը, նշեց, որ այն կարևոր է երկու ժողովուրդների կրթության, գիտության և համագործակցության զարգացման համար, ինչն ավելի է ամրապնդում երկու երկրների պատմական կապերը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, խոսելով գրքում տեղ գտած բացառիկ նյութերի մասին, հույս հայտնեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները կշարունակեն ՀՃՈՒ հիմնադրամի նվիրական գործը, քանի որ Հնդկաստանում կարելի է գտնել ուսումնասիրության լայն դաշտ՝ ի հայտ բերելու հայ-հնդկական մշակութային համագործակցության նոր էջեր։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Հնդկաստան. հայկական հետքերով» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը փոքր ակնարկ է Հնդկաստանի հայերի մասին, որտեղ ներկայացվում են տեղի հայկական միջավայրը և մշակութային հուշարձանները, որոնք կարևոր սկզբնաղբյուր են հնդկահայ գաղութի պատմության ուսումնասիրության և պատմական դեմքերի կենսագրության ամբողջացման տեսանկյունից։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։