ԵՊՀ պատմության ֆակուլտետի թիմը հաղթող է ճանաչվել «Վերջ. hայերի ներդրումը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մեջ» խորագրով միջհամալսարանական մրցույթում, որը հնարավորություն է ընձեռել ուսանողներին դրսևորելու իրենց գիտելիքները՝ ներկայացնելով հայ ժողովրդի անփոխարինելի դերը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի թիմի կազմում էին «Պատմություն» բակալավրի ծրագրի ուսանողներ Տաթև Գրիգորյանը, Մերի Բարսեղյանը, Արսեն Բաղիյանը և «Կովկասագիտություն» բակալավրի ծրագրի ուսանողներ Լիլյա Ասոյանը, Էլիզաբեթ Գաբրիելյանը։ Համալսարանում ձեռք բերած գիտելիքների և թիմային աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվել է առաջատար դիրք զբաղեցնել։
«Ռուսական տուն» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում կայացած մրցույթին մասնակցել են նաև Հայ-ռուսական համալսարանի, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի և Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի թիմերը։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գլխավոր մասնագետ Յուլի Տարականովն ընդգծեց, որ մրցույթի նպատակներից է վերհիշել համատեղ պատմության հերոսական և միաժամանակ ողբերգական այն ժամանակաշրջանը՝ Հայրենական մեծ պատերազմը, որն անդրադարձել է ԽՍՀՄ-ում ապրած յուրաքանչյուր ընտանիքի վրա։
ԵՊՀ թիմի անդամ Տաթև Գրիգորյանը, խոսելով իր տպավորություններից, ասաց. «Նմանօրինակ մրցույթները կարևոր են, քանի որ ամրապնդվում են միջհամալսարանական կապերը, ուսանողները շփվում են այլ համալսարանների ուսանողների հետ, կարևորվում է թիմային համագործակցությունը։ Տարբեր մասնագիտությունների ուսանողներ, հանդես գալով մեկ թիմում, կարողանում են ճիշտ կազմակերպել խաղի ընթացքը։ Այսօրինակ միջոցառումներին մասնակցությունը նաև նպաստում է ուսանողական կյանքի ակտիվությանը»։
«Անհրաժեշտ է լավ պատրաստվել մրցույթի առաջադրանքներին, չընկճվել ու հնարավորինս ուշադիր լինել նմանօրինակ մրցույթների ընթացքում։ Շատ կարևոր են ոչ միայն սեփական ունակությունները, գիտելիքները, այլև թիմի կարծիքներն ու առաջարկները լսելը, հաշվի առնելը»,- նշեց թիմի անդամներից Լիլյա Ասոյանը։
Ավարտին հաղթողները «Ռուսական տան» կողմից պարգևատրվել են նվերներով։