ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց աշխատաժողով, որի շրջանակում քննարկվեցին հայագիտության և պատմագիտական կրթության հիմնախնդիրները, լուծման ուղիները, զարգացումն ու մարտահրավերները։
Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, խոսելով առկա խնդիրների մասին, նշեց, որ համալսարանական միջավայրից դուրս կատարվող ակադեմիական հետազոտությունների ինտեգրումը կրթական գործընթացներում դեռևս խնդիր է մնում։ Պետք է փորձել այս հարցը քննարկել և հասկանալ՝ որն է բարելավման ամենաարդյունավետ ճանապարհը։ Առաջնային է հասկանալ նաև, թե ինչ ակնկալիքներ կան ակադեմիական շրջանակների գործընկերներից, ինչ ակնկալիքներ ունեն գործընկեր հաստատությունները համալսարանից։
Աշխատաժողովը մեկնարկեց «Ակադեմիական հետազոտությունների արդյունքները կրթական միջավայրում ինտեգրելու խնդիրները» թեմայով զեկուցմամբ։ Այն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։
Ակադեմիկոսը ներկայացրեց ակադեմիական միջավայրում գիտելիքի ձևավորման առանձնահատկությունները և տարբեր օրինակներով ցույց տվեց, թե այն ինչպես է դառնում կրթական միջավայրի նյութ։ Անդրադառնալով ակադեմիական և կրթական միջավայրերի փոխհարաբերությունների խնդրին՝ Ա. Մելքոնյանը նշեց, որ ժամանակի ընթացքում գիտելիքը հիմնականում սկսել է ձևավորվել հենց ակադեմիական շրջանակներում։ Այնուամենայնիվ, ներկայում առաջանում է խնդիր՝ գիտությունը միացնել բուհական կրթությանը՝ փորձելով այն դարձնել հետազոտական։
Աշխատաժողովի շրջանակում անցկացվեց «Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով քննարկում, որի նպատակն էր հասկանալ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում հետազոտությունների շարունակական կազմակերպման և դրանց արդյունքները կրթական ծրագրերում ներդնելու խնդիրները։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերը։ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ, պրոֆեսոր Հ. Պետրոսյանը ներկայացրեց «Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը և ակադեմիական հանրույթի խնդիրները» թեմայով զեկուցում: Հ. Պետրոսյանն անդրադարձավ Արցախի մշակութային ժառանգության պահպանման արդի խնդիրներին՝ խոսելով ակադեմիական հանրույթի՝ մշակութային ժառանգության ուսումնասիրության, վավերագրման և պահպանության գործառույթների մասին։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Պավել Ավետիսյանն աշխատաժողովին ներկայացրեց «Հնագիտական նորագույն հետազոտությունների արդյունքները և հայոց հնագույն պատմության հիմնահարցերը» թեմայով զեկույց: Պրոֆեսորն անդրադարձավ վերջին տարիների հնագիտական ուսումնասիրությունների կարևորագույն արդյունքներին, որոնք նոր լույս են սփռում Հայաստանի հնագույն պատմության բազմաթիվ հարցերի վրա: Քննարկման ընթացքում ընդգծվեց հնագիտական արդյունքները կրթական միջավայրում կիրառելու կարևորությունը՝ ապագա մասնագետների համար նոր գիտելիքներ և հմտություններ ապահովելու տեսանկյունից:
Աշխատաժողովի վերջին օրը քննարկվեց հայոց նորագույն պատմության ուսումնասիրման տեսական և մեթոդաբանական կարևոր թեմաներից մեկը։ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ներկայացրեց «Հայոց նորագույն պատմության պարբերացման հիմնահարցերը» թեմայով զեկույց: Բանախոսն անդրադարձավ նորագույն պատմության պարբերացման հիմնախնդիրներին՝ ներկայացնելով պատմական գործընթացների առանձնահատկությունները և դրանց գնահատման նոր մոտեցումները: Է. Մինասյանը շեշտեց, որ պատմության պարբերացումը պետք է հիմնել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, մշակութային և սոցիալական գործոնների վրա՝ ապահովելով առավել ամբողջական և բազմակողմանի պատկերացում անցյալի մասին։
Քննարկումները հնարավորություն տվեցին աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելու իրենց տեսակետները և առաջարկությունները՝ նպաստելով ակադեմիական և կրթական միջավայրերում համատեղ եզրեր գտնելուն։
Քննարկման արդյունքները կամփոփվեն և հետագայում կդառնան գործիք կրթական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։