ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Գիրք նվիրելու օրվան» նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ հանդիպում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց ՊՈԱԿ-ի գործունեությունը՝ նվիրված Հայաստանի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանությանն ու հանրահռչակմանը։ Ա. Փիլիպոսյանը խոսեց հուշարձանների պահպանման գործընթացի մասին, անդրադարձավ կազմակերպության գիտական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրեց ՊՈԱԿ-ի հրատարակած գիտական և գիտահանրամատչելի աշխատությունները։

Բանախոսն առանձնացրեց հատկապես կարևոր հրատարակությունները, որոնք մեծապես նպաստում են հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու միջազգային հանրությանն այն ներկայացնելուն։
Միջոցառումն ընթացավ քննարկմամբ, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ուղղելու հնագիտության, հուշարձանների պահպանության և հայկական մշակութային ժառանգության արդի խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերը։ Հանդիպումը մասնակիցների համար ոչ միայն նոր գիտելիքների, այլև ոլորտի մասնագետների հետ անմիջական հաղորդակցման կարևոր հարթակ էր:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց համաձայնություն գիտական համագործակցության նախագծերի շրջանակում ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետներին ավարտական աշխատանքների համաղեկավարման գործում ներգրավելու ուղղությամբ։