ԵՊՀ պատմության ֆակուլտետն ութերորդ տարին անընդմեջ հյուրընկալեց «Պատմություն» ուսումնական առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի աշակերտներին: Օլիմպիադայի հանրապետական փուլի՝ ֆակուլտետում անցկացումը լավ հնարավորություն է աշակերտների համար՝ համալսարանական առօրյային և բուհին ծանոթանալու տեսանկյունից:

Ընթացիկ ուստարվա մարտի 4-ին հանրակրթական ուսումնական հաստատությունների «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցեցին դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 116 աշակերտներ ՀՀ բոլոր մարզերի 30 բնակավայրերից և Երևանից։ Հումանիտար ոլորտի օլիմպիադաներից մեկի մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը և Հայոց պատմություն ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Օլիմպիադայի հանրապետական փուլի հանձնաժողովի անդամների մեծ մասը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., օլիմպիադայի հանրապետական փուլի հանձնաժողովի նախագահ Միքայել Մալխասյանը կարևորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դերակատարությունը օլիմպիադայի կազմակերպման հարցում:
«Օլիմպիադան ֆակուլտետում կազմակերպելով՝ երկու հիմնական նպատակ ենք հետապնդում։ Առաջինը՝ մասնագիտության նկատմամբ հետաքրքրության մեծացումն է, և երկրորդը՝ որպես նախորդի տրամաբանական շարունակություն՝ պատմության վերաբերյալ գիտելիքների խորացումն ու կիրառելիությունը»։

Մ. Մալխասյանն ընդգծեց նաև, որ հանձնաժողովը կարևորում է աշակերտների ոչ թե մեխանիկական՝ անգիր արած, այլ գիտելիքահեն պատասխանները. «Ուստի թեստերը կազմել ենք այնպես, որ աշակերտները տրամաբանելով և կուտակած գիտելիքներով կարողանան հասնել ճիշտ պատասխաններին, որոնք թեև բառացի չեն գրված դասագրքերում, բայց համահունչ են հանրակրթական ծրագրերին և աշակերտների գիտելիքների մակարդակին»:
2024-2025 ուստարում «Պատմություն» ուսումնական առարկայի օլիմպիադայի դպրոցական փուլի մրցույթին մասնակցել են աննախադեպ քանակությամբ (թվով 5308) աշակերտ-աշակերտուհիներ: Օլիմպիադան առաջատար է աշխարհագրության առումով՝ բնակավայրերի և ներկայացված դպրոցների քանակով։ Սա առարկայի նկատմամբ աճող հետաքրքրության վկայությունն է: Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ հանձնաժողովի անդամները մասնակցել են նաև դպրոցական փուլի թեստերի կազմմանը։ Վերջիններս մշտապես կատարելագործում են առաջադրանքները՝ դրանք դարձնելով առավել հետաքրքրաշարժ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակից 24 աշակերտների կպարգևատրի դիպլոմներով և կրթաթոշակներով, 25 աշակերտների՝ գովասանագրերով: