ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց գիտական արդյունքների ամփոփիչ սեմինար, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող գիտական հետազոտության արդյունքները։ Սեմինարի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը և նույն ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Արտակ Գնունին։

Հայկ Ավետիսյանը ներկայացրեց «Ուրարտուի հնագիտության հիմնախնդիրները» զեկուցումը, որի շրջանակում անդրադարձ կատարեց Ուրարտուի մշակութային ժառանգության տարբեր դրսևորումներին։ Բանախոսը ներկայացրեց նաև Ուրարտուի հնագիտական հետազոտությունների ընթացքը՝ շեշտելով Հայաստանի տարածքում կատարված պեղումների հիմնական ուղղությունները, հայտնաբերված հնագիտական նյութերի նշանակությունը և դրանց գիտական վերլուծության արդյունքները։ Զեկուցման շրջանակում քննարկվեցին նաև գիտական խմբի կատարած ուսումնասիրությունների նորահայտ տվյալները, որոնք լրացնում կամ վերանայում են Ուրարտուի պատմության վերաբերյալ ընդունված գիտական տեսակետները։
Արտակ Գնունին հանդես եկավ «Մեգալիթների հնագիտություն․ Հայաստանի մեգալիթների ընդհանուր տիպերը» զեկուցմամբ, որի շրջանակում ներկայացրեց Հայաստանի տարածքում հայտնաբերված մեգալիթյան կառույցների հիմնական տեսակները, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները և գործառույթները։ Նա մանրամասն ներկայացրեց նաև մեգալիթյան կառույցների ուսումնասիրության ընթացքում կիրառված գիտական մեթոդները՝ անդրադառնալով ինչպես դասական, այնպես էլ գիտական խմբի կողմից կիրառվող հնագիտական հետազոտությունների արդի մոտեցումներին։
Սեմինարին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղելու բանախոսներին։