ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայոց գաղթերը և տեղահանությունները․ պատմաքննական վերլուծություն» թեմայով սեմինար, որի շրջանակում Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Հայկազ Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող գիտական հետազոտության արդյունքները։
Գիտական խումբը կարևորում է թեմայի բազմակողմանի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները։ Հ. Հովհաննիսյանը նշեց, որ արցախահայության տեղահանության համատեքստում անհրաժեշտություն առաջացավ վերաիմաստավորելու նմանատիպ պատմական իրադարձությունների պատճառները՝ վերլուծելով դրանց հետևանքները։ «Կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում դարեր շարունակ ընթացող աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական գործընթացները նշանակալի ազդեցություն են ունեցել Հայաստանի և հայկական համայնքների վրա։ Ուստի կարևոր է ուսումնասիրել և վեր հանել այն գործոնները, որոնք պատմականորեն հանգեցրել են հայկական բնակչության տեղահանություններին՝ առաջարկելով պատմական փորձի վրա հիմնված գործնական լուծումներ»,- ընդգծեց բանախոսը:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին գիտական ծրագրի հիմնական նպատակներն ու հետազոտական ուղղությունները: Հետազոտությունը նպատակ ունի վերանայելու հայոց պարտադրված գաղթերի և հայկական գաղթավայրերի ձևավորման պատճառները՝ անդրադառնալով նաև դրանց հետևանքներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական գաղթավայրերի գոյաբանական և դավանաբանական խնդիրներին, ինչպես նաև ուծացման վտանգներին, որոնց հաղթահարման ուղղությամբ առաջարկվում են հնարավոր լուծումներ։ Հետազոտությունը ներառում է հայության անվտանգությանն սպառնացող աշխարհաքաղաքական զարգացումների ուսումնասիրություն՝ փորձելով պարզել, թե ինչպես կարելի է խուսափել նման մարտահրավերներից և ապահովել հայկական համայնքների ապագան։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև հետազոտության մեթոդաբանական հիմքերը: Հ. Հովհաննիսյանը նշեց. «Հետազոտությունը հիմնված է արդի գիտական մեթոդաբանության վրա՝ ընդգրկելով բովանդակային վերլուծության, արխիվային նյութերի և վկայությունների քննական ուսումնասիրության մեթոդները։ Մեր խումբն առաջնորդվում է «historicism» սկզբունքով՝ պահպանելով պատմական իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը։ Հետազոտության ընթացքում կիրարկվում են նաև համադրական մեթոդներ՝ տարբեր, երբեմն իրարամերժ փաստերը համադրելու և վերլուծության ենթարկելու համար»։
Հետազոտական խմբի եռամյա ուսումնասիրությունից ակնկալվող հիմնական արդյունքները հրապարակվելու են միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում՝ նպատակ ունենալով արտերկրի պատմաբանների ուշադրությունը հրավիրելու առկա հիմնախնդիրների վրա։
Սեմինարը եզրափակվեց մասնակիցների քննարկումներով, որտեղ ներկայացվեցին նոր մոտեցումներ և առաջարկներ՝ հետագա ուսումնասիրությունների համար։