Այսօր լրանում է ՀՀ Ազգային հերոս, Գետաշենի արծիվ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 60-ամյակը։ Պատմության ֆակուլտետը hպարտությամբ է հիշում իր շրջանավարտին, որի կյանքը և գործունեությունը դարձան նվիրվածության, սկզբունքայնության և հայրենասիրության խորհրդանիշ։
Թաթուլ Կրպեյանը ԵՊՀ ուսանող դարձավ 1986 թվականին՝ նախապատրաստական բաժինն ավարտելուց հետո ընդունվելով Պատմության ֆակուլտետ։

Այն, ինչը հետո Թաթուլին պետք է դարձներ Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչ, Թաթուլի հետ էր վաղ մանկությունից։ Էրգրի, կորուսյալ հայրենիքի, հայրենասիրության մասին խոսակցություններն արդեն վաղ մանկությունից ուղեկցում էին նրան, կոփում ու հստակեցնում նպատակներն ու անելիքները։ Համալսարանական կրթությունն ու ստացած գիտելիքները Թաթուլին մեկ աստիճան վեր բարձրացրին։
Արցախյան շարժման առաջին ամիսները Թաթուլի համար ակնհայտ դարձրին այն ճշմարտությունը, որ արդարությունը պետք է պաշտպանել։ Երևանի, Ստեփանակերտի ու Հայաստանի տասնյակ բնակավայրերի ցույցերին ադրբեջանական կողմը պատասխանեց Սումգայիթի ոճրագործությամբ ու Ադրբեջանի հարյուրավոր հայկական բնակավայրերի հայաթափմամբ։ Հայրենիքի ու հայրենասիրության գաղափարով տոգորված երիտասարդ Թաթուլն այս պայմաններում այլ տարբերակ չուներ, քան Արցախյան շարժման ակտիվ մասնակից և «Միացում» կազմակերպության անդամ դառնալը։
Զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ այս ամենը բավարար չէր։
Ադրբեջանի ղեկավարությունը 1988 թվականին որդեգրել էր Արցախի ու Ադրբեջանի հայության խնդրի լուծման նույն քաղաքականությունը, ինչ Թուրքիան՝ դարասկզբին․ «Չկա հայ, չկա հայկական խնդիր»։
Արցախահայության, Շահումյանում ու այլ տարածքներում բնակվող հայերի փրկությունը պահանջում էր ինքնակազմակերպում ու ինքնապաշտպանություն։ Այս ամենը հրաշալի գիտակցում էր Թաթուլը։ 1990 թվականին ֆակուլտետի դեկանի հետ համաձայնեցնելով հաճախումների գրաֆիկը` նա մեկնեց Գետաշեն որպես պատմության ուսուցիչ, սակայն իրականում դարձավ գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար։
Թաթուլի կյանքի ու գործունեության, Գետաշենի հերոսական ինքնապաշտպանության մասին տասնյակ հոդվածներ ու մենագրություններ են գրվել ու դեռ կգրվեն։
Գետաշենում Թաթուլ Կրպեյանի գործունեությունը նրա ռազմական բացառիկ տաղանդի, կազմակերպական ունակությունների, անմնացորդ հայրենասիրության վկայությունն էր: Նա ապացուցեց, որ անհատը կարող է բեկել իրերի ընթացքը, իր անձնազոհությամբ ոչ միայն փրկել հազարավոր կյանքեր, այլև կանխորոշել նվիրումի ու հայրենիքի մասին պատկերացումները առաջիկա տարիների ու տասնամյակների համար։

Գետաշենի արծիվն իր նվիրումով ապահովեց հայոց պատմության անընդհատությունը, ապացուցեց, որ պատասխանատվությունը, հանուն հայրենիքի գործելու գաղափարը, սերն առ հայրենիք պետք է անմնացորդ լինեն: Ապացուցեց, որ նույնիսկ հզոր «Խորհրդային կայսրությունը» չկարողացավ մարդկանց հիշողությունից հանել իրենց գոյության, ինքնության ու մշակույթի առհավատչյան՝ պատմությունը, հիշողությունը։
Թաթուլի անձնազոհությունն ապացուցեց, որ հաճախ համակարգի ամենատես աչքից հեռու՝ տան անկյունում, պահվող խունացած լուսանկարն ավելին կարող է անել, քան տասնյակ հատորներն ու ֆիլմերը։
Հերոսներն ապրում են այնքան, որքան հիշվում են։ Թաթուլ Կրպեյանին հիշում են Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս։
Թաթուլ Կրպեյանին հիշում են Գետաշենն ու Արցախը, որովհետև հողը, բույսը, բնությունը, օդն ու ջուրը հիշողություն ունեն: Նրանք շարունակաբար հիշում են տիրոջն ու սպասում նրա վերադարձին։ Հողի ու ջրի, բույսի ու բնության հիշողությունը շատ երկար է, այնքան երկար, որ նրանք խռով չեն մնում, երբ տերն ուշանում է: Լուռ դիմանում են ցավին, օտարին, հանդուրժում են սիրո պակասը՝ վստահ լինելով, որ տիեզերական ներդաշնակությունը վերականգնվելու է տիրոջ ներկայությամբ միայն։
Թաթուլ Կրպեյանն իր կյանքով ու գործով ցույց տվեց տեր լինելու և տեր մնալու ճանապարհը։ Ցույց տվեց առանց ավելորդ աղմուկի, լուռ, սիրով, ուսուցանելով, գետաշենցիների հետ գետաշենցի դառնալով ու միաժամանակ Արեգ գյուղի զավակ մնալով։ Հայաստանի՝ Թաթուլի ընկալումն էր այդպիսին։ Նրա համար Արեգն ու Գետաշենը նույնն էին․․․
Պատմության ֆակուլտետը հպարտությամբ է հիշում Թաթուլ Կրպեյանին։ Հիշում է ու փորձում ապրելու՝ Թաթուլ Կրպեյանի հավատամքը դարձնել բոլոր ուսանողների սեփականությունը։ Թաթուլը դա անում է Պատմության ֆակուլտետում իր անընդհատ ու զգոն ներկայությամբ։