ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանը մասնակցել է «Արվեստի ընթերցումներ-2025» («Art Readings 2025») միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտը Սոֆիայում։ Գիտաժողովն այս տարի նվիրված էր արվեստի և ինքնության պահպանության գործում արխիվների նշանակությանը («Arts and Archives»)։

Միջազգային գիտաժողովին մասնակցում էին 65 արվեստաբաններ Բուլղարիայից, Հունաստանից, Սերբիայից, Խորվաթիայից, Ռումինիայից և Ալբանիայից։ Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցը Մարիամ Վարդանյանն էր։
Մ․ Վարդանյանի «Անձնական արխիվների դերը համայնքային թանգարանների ստեղծման և հայկական արվեստի ու մշակույթի պահպանության գործում» («The Role of Private Archives in Preserving Armenian Arts and Culture by Creating Community Museums») զեկույցը անդրադարձ էր Սփյուռքի գաղթօջախներում հայ արվեստի ու մշակույթի պահպանման նախաձեռնություններին, մասնավորապես համայնքային և եկեղեցական թանգարանների ստեղծմանը, որոնց ձևավորման հիմքում հաճախ ընկած են լինում անհատական արխիվները։ Զեկուցման ընթացքում ներկայացվել են երեք թանգարանների օրինակներ՝ Ռումինիայի հայոց թեմի Տուտյան թանգարան (Բուխարեստ), Արարատ-Էսքիջյան թանգարան (Լոս Անջելես, ԱՄՆ) և Արտակ Մանուկյան թանգարան (Թեհրան, Իրան)։
Գիտաժողովի նյութերը նախատեսվում է հրատարակել Բուլղարիայի ԳԱ արվեստի ինստիտուտի «Արվեստի խնդիրներ» («Проблемы на изкуството») հանդեսում։
Մարիամ Վարդանյանի մասնակցությունը հնարավոր է դարձել Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հովանավորությամբ։