
Մշակութաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթամասերից։ Վերջինս պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։ Ընդհանուր կրթամասը ծառայում է մագիստրոսի որակավորման աստիճանի ընդհանուր հենքի (ընդհանրական գիտելիքներ և կարողություններ) ապահովմանը կամ համալրմանը։ Մասնագիտական կրթամասը կոչված է տվյալ մասնագիտության շրջանակում ապահովելու պահանջվող ընդհանուր գիտելիքներն ու կարողությունները։ Մասնագիտացման կրթամասը ծրագրի անհատականացված ուսուցման մասն է, որը նախատեսված է զարգացնելու խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մասնագիտության որևէ նեղ ասպարեզում։
Ընդունելության պահանջները
«Մշակութաբանություն» կրթական ծրագրի շրջանակում մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային և հայրենական գիտական մոտեցումների իմացություն, ձևավորել հայ մշակութային ժառանգության էական դրսևորումներն ինքնուրույն նկարագրելու և ներկայացնելու կարողություն, պատմամշակութային հարցերն ազգային ինքնության համատեքստում դիտարկելու հմտություն, ինքնության արդիական խնդիրների իմացություն, պատշաճ մակարդակով մասնագիտական զեկուցում պատրաստելու և գիտաժողովներին մասնակցելու հմտություն:
Առավելությունները
Ծրագրի բարեհաջող ավարտին շրջանավարտներն ունակ կլինեն կազմելու մշակութաբանական հետազոտության ծրագրեր, մշակելու մշակույթի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաքած տեղեկատվություն:
Կարիերայի հնարավորությունները
«Մշակութաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել մշակույթի ուսումնասիրության, կառավարման, մշակութային կյանքի կազմակերպման, մշակութային բիզնեսին առնչվող հաստատություններում՝ գիտահետազոտական հիմնարկներ, թանգարաններ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, մշակույթի կառավարմամբ, մշակութային կյանքի կազմակերպմամբ, մշակութային բիզնեսով զբաղվող հիմնարկներ (ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներ, մշակույթի մարզային և քաղաքային բաժիններ, մշակույթի տներ, տուրիստական գործակալություններ և այլն):
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի, հայագիտական այլ ամբիոնների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ հայագիտական ու մշակութային հետազոտություններին առնչվող ինստիտուտների ասպիրանտուրայում: