Երևանի պետական համալսարանի և «BBC Media Action»-ի համագործակցության շրջանակում ս․թ․ օգոստոսի 22-ին և 23-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Փոդքասթինգի հիմունքներ դասախոսների համար» խորագրով դասընթաց անցկացրեց BBC-ի լրագրող, դասընթացավար Քեյթ Հոյլանդը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան ոլորտի առաջավոր փորձին և փոդքասթ թողարկելու արտադրական փուլերին: Երկօրյա դասընթացի քննարկման առանցքում էին հետևյալ թեմաները՝ գաղափարի մշակում, ձևաչափերի ընտրություն, հստակ ու հասկանալի նախաբաններ, լսարանի հետ մտերմիկ հարաբերություններ հաստատելու տեխնիկա, զրույցի նորարարական ոճեր, մոնտաժ։
Դասընթացավար Քեյթ Հոյլանդը նշեց․ «Հուսով եմ, որ այն, ինչ կարողացա ներկայացնել երկու օրերի ընթացքում, կօգնի ֆակուլտետի կրթական ծրագրերը, մասնավորապես՝ փոդքասթին առնչվող դասընթացները մշակելիս»:
Նշենք, որ Քեյթ Հոյլանդը շուրջ 20 տարի է, ինչ աշխատում է BBC-ում ռադիո, թվային, հեռուստատեսային և փոդքասթ արտադրանքի ստեղծման ուղղությամբ։ Նա ղեկավարել է BBC-ի համաշխարհային ծառայության համար անցկացվող լրագրության և պրոդյուսերական դասընթացները, նախագծել և մշակել է BBC-ի համար նախատեսված փոդքասթինգի դասընթացները՝ սերտորեն համագործակցելով փոդքասթ արտադրողների և թողարկողների հետ:
Հիշեցնենք, որ շարունակվում է համագործակցությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «BBC Media Action»-ի միջև՝ նպատակ ունենալով բարելավելու կրթական գործընթացը և թարմացնելու դասավանդվող առարկաների բովանդակությունը։