ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Օլիվիե Դ’Ջերանյանի «Ազատությունը և ճակատագիրը ստոիկյան փիլիսոփայության մեջ» վերտառությամբ դասախոսությունը։ Օլիվիե Դ'Ջերանյանը Փարիզի առաջին Պանթեոն-Սորբոն և Նանտեր համալսարանների հետազոտող դասախոս է, որը մասնագիտացած է էթիկայի, գոյաբանության, տրամաբանության և հին դարերի փիլիսոփայության, մասնավորապես ստոիկյան փիլիսոփայության պատմության մեջ։
Նրա հետազոտություններն այս պահին կենտրոնանում են անտիկ դարաշրջանում տրամաբանական ֆատալիզմի և դրա ժամանակակից ճյուղավորումների խնդրի շուրջ: Օլիվիե Դ'Ջերանյանը հին հունարենից ֆրանսերեն է թարգմանել ստոիկ Էպիկտետուսի տեքստերը, ինչպես նաև գրել մենագրություն՝ Էպիկտետուսի փիլիսոփայության արդիական խնդիրների շուրջ։
Բանախոսին ողջունեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա. Բաղդասարյանը՝ նշելով, որ Փարիզի հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչների հետ համագործակցությունը կնպաստի ոլորտի արդիական հիմնախնդիրներին մոտենալու նոր ուղիներ գտնելուն։ Հանդիպում-դասախոսությանը ներածական խոսք ասաց «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի ղեկավար Ս. Պետրոսյանը՝ ուսանողների շրջանում կարևորելով փիլիսոփայական սկզբնաղբյուրների իմացությունն ու դրանք մեկնաբանելու կարողության ձեռքբերումը։ Դասախոսությունն անցավ ինտերակտիվ, հետաքրքիր մթնոլորտում։ Օլիվիե Դ'Ջերանյանը ներկայացրեց ստոիկների՝ ներքին ազատության ու պատասխանատվության վերաբերյալ հունարեն ասույթներն ու դրանց մեկնաբանությունները՝ նշելով, որ իմաստասերն ի վիճակի է հասնելու հավասարակշռության՝ անկախ արտաքին աշխարհի վայրիվերումներից։ Բանախոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին։
Հանդիպումից հետո տեղի ունեցավ քննարկում ԵՊՀ պատմության փիլիսոփայության հեռավար լաբորատորիայի, ֆակուլտետի Ուսանողական խորհրդի հետ առաջիկայում պլանավորվող գիտաժողովների ու Օլիվիե Դ'Ջերանյանի հետ հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։