ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ս.թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ:
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց բուհում կատարվող ուսումնական և գիտական բարեփոխումների ընթացքը, պատասխանեց պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Ռեկտորը խոսեց ոչ միայն վերջին տարիներին միջազգային հարթակներում Երևանի պետական համալսարանի գրանցած հաջողությունների, նոր համագործակցությունների, այլև ներբուհական կրթական ու հետազոտական ծրագրերի զարգացման ու նորարարական նախաձեռնությունների մասին, ինչը խիստ կարևորվում է ԵՊՀ–ի՝ որպես գիտակրթական կառույցի առաջատար լինելու հարցում։
Ելույթ ունեցողները նշեցին, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ բարձրացրած հարցերի լուծումը կնպաստի բարձրորակ կրթական և հետազոտական աշխատանքների, նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի ստեղծմանը և ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտնական, հ․գ․թ․, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանին հանձնեց շնորհակալագիր՝ կիրառական և փորձարարական հոգեբանության ոլորտում էական ներդրումի համար։ Շնորհակալագրի հանձնման ընթացքում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փ․գ․թ․, դոցենտ Ալեքսան Բաղդասարյանն ընդգծեց նաև պրոֆեսորի կարևորագույն ներդրումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը նշեց, որ Ռ. Աղուզումցյանի աշխատանքը ոչ միայն նպաստել է հոգեբանության ոլորտի զարգացմանը, այլև կարևոր դեր է խաղացել ՀՀ-ում հոգեբանության գիտության կայացման և առաջխաղացման գործընթացում։
Անդրադարձ կատարվեց նաև համաշխարհային գիտական համայնքում մեծ ճանաչում վայելող պրոֆեսորի երկարամյա և բազմաբնույթ միջազգային գործունեությանը: