ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ս.թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Տրամաբանության վարժությունների և գործնական առաջադրանքների շտեմարան» բուհական ձեռնարկի շնորհանդեսը։
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանի ողջույնի խոսքով մեկնարկեց միջոցառումը։
Դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, որը «Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում» ԵՊՀ նեքին դրամաշնորհային ծրագիրն իրականացրած խմբի ղեկավարն էր, ներկայացրեց երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքերը․ հրատարակված 30-ից ավելի գիտական հոդվածներ, զեկուցումներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գիտաժողովներում, վարպետաց դասեր և բանախոսություններ ԵՊՀ-ում, պարապմունքներ և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների հրավերով ու նրանց հետ գործակցությամբ, աշխատանք ուսանողական խորհուրդների, գիտական ընկերությունների հետ, բուհական դասընթացների ուսումնամեթոդական փաթեթների բարելավում, «Մտածողության տեխնոլոգիաներ և ԱԲ» նոր դասընթացի ներառում փիլիսոփայության բաժնի կրթական ծրագրերում։
Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց գիտահետազոտական ծրագրի շրջանակում պատրաստված ձեռնարկի կառուցվածքն ու բովանդակային բաղադրիչները։ Այն նախատեսված է բուհերի և հետբուհական կրթական հաստատությունների ուսանողների և դասախոսների, դասական և ոչ դասական տրամաբանության, փաստարկման խնդիրներով հետաքրքրված մասնագետների համար։ Պարունակում է ավելի քան հազար վարժություն և գործնական առաջադրանք՝ ավանդական-ձևական, մաթեմատիկական, ինչպես նաև ոչ դասական տրամաբանության համակարգերից՝ մոդալային, ինտերռոգատիվ և փոխակերպական տրամաբանության հայեցակարգերի վերաբերյալ։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ և ուսանողներ, հյուրեր գործընկեր բուհերից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից և հետբուհական կրթական հասատություններից։
Քանի որ ձեռնարկի շնորհանդեսը համընկել էր Հ․ Թումանյանի ծննդյան տարեդարձի և ավանդական դարձած Գրքի տոնի հետ, միջոցառման ամփոփիչ հատվածում, ձեռնարկում տեղ գտած առաջադրանքների հիման վրա կազմակերպվեց ուսանողական վիկտորինա, որի հաղթողները նվեր ստացան ձեռնարկի օրինակներից։ Միջոցառումն ավարտվեց երաժշտական գեղեցիկ կատարումներով։