Փիլիսոփայություն
Բակալավրի կրթական ծրագիր
«Փիլիսոփայություն» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել փիլիսոփայության, տրամաբանության և բարոյագիտության մասնագետներ, որոնք կաշխատեն կրթության, գիտության և քաղաքացիական հասարակության կառույցներում որպես դասավանդողներ, վերլուծաբաններ, խորհրդատուներ: Կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու և մասնագիտանալու փիլիսոփայության, տրամաբանության ու բարոյագիտության բնագավառներում։
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Կրթական ծրագրի դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Օտար լեզու» (գրավոր) առարկաներից։
«Փիլիսոփայություն» կրթական ծրագրի շրջանավարտները կունենան ոչ միայն հիմնավոր ու բազմակողմանի գիտելիքներ համաշխարհային և հայ իմաստասիրական մտքի ու փիլիսոփայական արդի հիմնախնդիրների մասին, այլև ձեռք կբերեն մտածողության բարձր մշակույթ, դրույթները տրամաբանորեն հիմնավորելու, փաստարկելու ու դրանց շուրջ պատշաճ մակարդակով բանավեճեր վարելու և կազմակերպելու կարողություններ։
«Փիլիսոփայություն» կրթական ծրագրի նպատակներից է ոչ միայն ուսանողների քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացումը, այլև դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը տիրապետելը, որը տվյալ ծրագրի շրջանավարտներին հնարավորություն է տալիս հասարակական բազմաբնույթ խնդիրների լուծման ժամանակ կիրառելու նոր, ոչ կաղապարված մոտեցումներ։ Փիլիսոփայական հիմնարար մոտեցումը նրանց օժտում է ռազմավարական մտածողությամբ, որի կարիքն այսօր ունեն բազմաթիվ կազմակերպություններ։
Այս ծրագրի շրջանավարտներն աշխատում են վերլուծական կենտրոններում, խորհրդատվական կառույցներում, գիտահետազոտական և ուսումնական հաստատություններում՝ որպես կանոն լինելով աշխատանքային խմբերի առաջնորդներ կամ առաջատար փորձագետներ։
Ծրագրի շրջանավարտները հաջողությամբ համագործակցում են միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ՝ իրականացնելով թե՛ հետազոտական, թե՛ հրատարակչական բնույթի աշխատանքներ։
«Փիլիսոփայություն» կրթական ծրագրի շրջանավարտներն աշխատում են և՛ հասարակական-քաղաքական ոլորտում, և՛ գործարարության բնագավառում՝ որպես բանկերի մարդկային հարաբերությունների բաժինների պատասխանատուներ կամ ռազմավարական պլանավորման ու կառավարման գծով խորհրդատուներ: