Երևանի ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա. Յա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն Մարինե Մկրտչյանի հրավերով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Էդգար Արշակյանի ուղեկցությամբ այցելեցին Ռուսական արվեստի թանգարան։
Այցի շրջանակում ԵՊՀ ուսանողները մասնակցեցին 20-րդ դարի սկզբի ռուսական գեղանկարչությանը և գրականությանը նվիրված ինտերակտիվ դասախոսության, որը վարում էր պ.գ.դ. Աննա Էսպարսան (Մոսկվա): Բանախոսն անդրադարձավ Մ. Վրուբելի, Կ. Կորովինի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, Ա. Բենուայի և թանգարանում ներկայացված այլ հայտնի նկարիչների աշխատանքներին, խոսեց նրանց ստեղծագործական ոճի առանձնահատկությունների մասին:
Ինտերակտիվ դասախոսությանը մասնակցեցին նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի ստաժորները, որոնք միջբուհական համագործակցության շրջանակում Հայաստան են ժամանել Բոլոնիայի (Իտալիա) և Գրայֆսվալդի (Գերմանիա) համալսարաններից:
Դասախոսության ավարտին ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Էդգար Արշակյանը նշեց, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են ուսանողների մասնագիտական զարգացման տեսանկյունից:
Հավելենք, որ Ռուսական արվեստի թանգարանի հետ համագործակցության շրջանակում, սկսած 2023-2024 ուստարվանից, ԵՊՀ ռուս բանսիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները թանգարանում անցնում են նախադիպլոմային մասնագիտական արտադրական պրակտիկա: