Պալացկու համալսարանի (Չեխիա, Օլոմոուց) դասախոսները ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրին իրենց համալսարանում գործող միջազգային ծրագրերը, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու նաև ԵՊՀ ուսանողները: Արտերկրի համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձան նաև այն հնարավորություններին, որոնք միտված են նպաստելու ուսանողների մասնագիտական զարգացմանը և միջազգային գիտակրթական հարաբերությունների բարելավմանը։
Պալացկիի համալսարանի Սլավոնագիտության ամբիոնի դասախոս և միջազգային ծրագրերի համակարգող Մարտինա Պուլաշովան, կարևորելով ԵՊՀ-ի հետ համագործակցությունը, հանգամանալից ներկայացրեց համալսարանի ծրագրերը՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին։
Հանդիպմանը ներկա էին հիմնականում ֆակուլտետի այն ուսանողները, որոնք կամընտրական դասընթացների ցանկից ընտրել են «Սլավոնական լեզուներ. չեխերեն լեզու» առարկան։ Հատուկ նրանց համար Սլավոնագիտության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Պատրիկ Վարգան անցկացրեց վիկտորինա չեխերենի, Չեխիայի մշակույթի և պատմության վերաբերյալ, որին ուսանողներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուզան Գրձելյանը նշեց, որ լեզվակիրների հետ նման հանդիպումները արդյունավետ են չեխերենը սովորող ուսանողների համար։ Նա Չեխիայի գործընկերներին պատմեց, թե ինչ մեթոդաբանությամբ է ֆակուլտետում կատարվում չեխերենի ուսուցումը:
Ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Դիանա Գազարովան շնորհակալություն հայտնեց չեխ գործընկերներին հանդիպման համար՝ նշելով, որ հաջող բանակցությունների արդյունքում ֆակուլտետի ուսանողներին հնարավորություն է ընձեռվել արդեն այս աշնանը մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին: ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան նաև ընտրելու առարկաներ անգլերենով, ռուսերենով և չեխերենով ուսումնասիրելու համար:
«Լեզուներ սովորելու համար շատ կարևոր է իմանալ ուսումնասիրվող լեզվի լեզվակիրների մշակույթը, ապրել լեզվակիր միջավայրում: Ուստի շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ չեխերենն ուսումնասիրող մեր ուսանողները հնարավորություն ունենան մեկնելու Չեխիայի համալսարան, խորացնելու ԵՊՀ-ում ստացած գիտելիքները և կիրառելու դրանք արդեն գործնականում՝ լեզվակիր միջավայրում»,- նշեց դեկանը։