ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Հյուսթոնի համալսարանի ազատական արվեստի և հասարակական գիտությունների քոլեջի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում համատեղ կազմակերպվեց առցանց սեմինարների շարք:
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 11-ը կազմակերպված առցանց սեմինարները նախաձեռնեցին և համակարգեցին Հյուսթոնի համալսարանի (UH) ազատական արվեստի և հասարակական գիտությունների քոլեջի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի տեղակալ, դոկտոր Ստելլա Գրիգորյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանը՝ Ռեգան Բեննեթի (UH) և Լուսինե Քարամյանի (ԵՊՀ) աջակցությամբ։
Սեմինարները հնարավորություն ընձեռեցին ուսանողներին քննարկելու իրենց դասընթացներին («Սննդի սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխատանք միգրանտների հետ») առնչվող տարբեր թեմաներ: Համագործակցությունը ներառեց նաև առցանց հանդիպումների կազմակերպում Microsoft Teams հարթակում, քննարկման թեմաների որոշում և ուսանողներին ուսումնամեթոդական անհրաժեշտ նյութերով ապահովում, որպեսզի նրանք ծանոթանան նյութերին նախքան քննարկումները:
Ուսանողները բաժանվեցին 6 խմբի, յուրաքանչյուր խումբ կազմված էր 12-14 ուսանողից (ԵՊՀ և UH): Յուրաքանչյուր խումբ շաբաթը մեկ անգամ հանդիպեց UH-ի և ԵՊՀ-ի դասախոսների հետ։ Ծրագրի շրջանակում ուսանողները նկարահանեցին նաև 2-3 րոպե տևողությամբ «Բարի գալուստ» խորագրով հակիրճ տեսանյութեր, որոնք միտված էին ծանոթացնելու իրենց քաղաքների, համալսարանների և ուսանողական կյանքի հետ:
Առաջին հանդիպման ժամանակ ուսանողները ծանոթացան, շփվեցին միմյանց հետ և ստացան ուղեցույցներ հաջորդ հանդիպումների համար: Երկրորդ առցանց հանդիպման թեման էր «Էթնիկ պատկանելություն և ազգային ինքնություն»: Ուսանողները թեմայի վերաբերյալ ներկայացրին իրենց գիտելիքները, պատմեցին իրենց էթնիկ և ազգային պատկանելության մասին ու արձանագրեցին առցանց դասարանում ներկա մասնակիցների մշակութային ողջ բազմազանությունը: Երրորդ հանդիպման թեման էր «Գենդերային դերերը, սնունդը և միգրացիան»: Ուսանողները քննարկեցին գենդերային կարծրատիպերը, այն դժվարությունները, որոնց հանդիպում են միգրանտները հյուրընկալող հասարակություններում: Չորրորդ առցանց հանդիպման թեման էր «Դասակարգը և տնտեսական շերտավորումը»: Ուսանողները քննարկեցին իրենց հասարակություններում շերտավորման ձևերը, միգրացիոն հոսքերը, տնտեսական գործոններն ու միգրացիոն քաղաքականության տարբերությունները ԱՄՆ-ում և Հայաստանում:
Համատեղ սեմինարները հարստացրին ուսանողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները, ընդլայնեցին նրանց ընկալումները գլոբալացվող աշխարհում բազմազանության մասին և ամրապնդեցին գիտելիքները քննարկված թեմաների վերաբերյալ: