Ֆակուլտետի մասին
1981 թվականից ԵՊՀ-ում գործել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, 1986 թ․ կազմավորվել է կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը, իսկ 2004 թ․՝ կառուցվածքային առանձին ստորաբաժանում՝ սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետի դասախոսները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, հաճախ որպես հրավիրյալ մասնագետներ արտերկրի համալսարաններում հանդես գալիս դասախոսություններով։ Միաժամանակ՝ ֆակուլտետը պարբերաբար հյուրընկալում է օտարերկրյա մասնագետների, որոնք կարդում են դասախոսություններ, անցկացնում սեմինար-քննարկումներ, վարում վերապատրաստման դասընթացներ, ներգրավվում ֆակուլտետի գիտահետազոտական կյանքում։
Ֆակուլտետն ունի մասնագիտական հարուստ գրադարան (նաև օտարալեզու գրքեր), որտեղ ուսանողները հնարավորություն ունեն յուրացնելու համապատասխան նյութը, կատարելու գիտահետազոտական աշխատանքներ: Ֆակուլտետում գործում են մասնագիտական ամբիոններ, կենտրոններ ու լաբորատորիաներ։
Ուսումնական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպման ընթացքում ֆակուլտետը համագործակցել և համագործակցում է ինչպես ներհամալսարանական, այնպես էլ արտահամալսարանական, այդ թվում՝ միջազգային տարբեր կառույցների հետ, որոնց թվում՝ Ալիկանտեի (Իսպանիա), Օլդենբուրգի (Գերմանիա), Գրացի (Ավստրիա), Գոթեբուրգի համալսարանը (Շվեդիա), Սլովակիայի բժշկական համալսարանը, Լինցի կիրառական գիտությունների համալսարանը (Ավստրիա) և այլն։ Արտերկրյա մի շարք համալսարանների հետ իրականացվել են համատեղ ծրագրեր՝ դասախոսների և ուսանողների փոխադարձ այցելություններ, ամառային դպրոցներ, հետազոտական աշխատանքներ: Այդ համալսարաններից են՝ ԱՄՆ-ի Ջ. Մեյսոնի համալսարանը, Արիզոնայի պետական համալսարանը, Գերմանիայի Ֆրանկֆուրտի, Կոնստանցի, Լյուդվիգսհաֆենի, Պոտսդամի, Բեռլինի Հումբոլդտի, Մյունստերի համալսարանները, Հռոմի Սապիենզայի համալսարանը (Իտալիա), Նորվեգիայի Ստվանգերի համալսարանը, Չեխիայի Հրադեց Կրալովե համալսարանը, Բուխարեստի համալսարանը (Ռումինիա), Ռուսաստանի հարավային ֆեդերալ համալսարանը, Ուրալի ֆեդերալ համալսարանը, Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, Մագիլյովի համալսարանը (Բելառուս) և այլն։
2003 թվականից ֆակուլտետը համագործակցում է ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հետ՝ կազմակերպելով դասախոսների և ուսանողների այցելություններ, համատեղ հետազոտություններ և տպագրություններ, ինչպես նաև առցանց դասախոսություններ:
Ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ ուսանողական առօրյան դառնում է առավել հետաքրքիր, և ուսանողներն է՛լ ավելի են զարգացնում մասնագիտական հմտություններն ու գիտելիքները։
Փոխանակման ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։
«Սոցիոլոգիա» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան ունեցող շրջանավարտները պահանջված են պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտական և գիտահետազոտական կազմակերպություններում, տեղեկատվական և խորհրդատվական կազմակերպություններում, համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպություններում, կրթական հաստատություններում, առողջապահական և բնապահպանական գործակալություններում, նախագծային վերլուծական հետազոտական կենտրոններում, փորձագիտական կառույցներում, տնտեսական տարբեր ոլորտների ձեռնարկությունների և կազմակերպությունների մարքեթինգային բաժիններում, հասարակական կարծիքի հետազոտման կենտրոններում՝ ներառյալ լրատվական տարբեր կազմակերպությունները, միջազգային ու տեղական հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններում, արդարադատության համակարգին հարող կազմակերպություններում, տարածքային պլանավորման և սոցիալական աջակցության գործակալություններում: