Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան յուրաքանչյուր տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովը աշխարհի 43 երկրից իր շուրջն է համախմբում ավելի քան 2000 պատվիրակի: Այն ոլորտի կարևորագույն իրադարձություններից է: 2022 թ. համաժողովն անցկացվել է ՀՀ-ում՝ Երևանի պետական համալսարանում։
Այս տարի «ECER-2024»-ն անցավ Կիպրոսում։ Օգոստոսի 26-30-ը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան (EERA) կազմակերպել էր «Կրթությունն անորոշության ժամանակաշրջանում․ հիշողություն և ապագայի հույս» խորագրով Կրթական հետազոտությունների եվրոպական գիտաժողովը (ECER), որն այս տարի համախմբել էր շուրջ 2500 մասնակցի։ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը և նույն ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանը գիտաժողովին ներկայացրին իրենց՝ 2020-2024 թվականների ընթացքում իրականացրած «Պատերազմը՝ որպես նոր իրականություն՝ օգնող մասնագիտությունների համար․ կրթության միտումները շարունակական ճգնաժամի պայմաններում» («War as a new real for Helping Professions: the Education Trends in the Context of Continuous Crisis») հետազոտության արդյունքները։ Հետազոտության արդիականությունը պայմանավորված էր օգնող մասնագետների առջև մերօրյա բազմաթիվ, բազմաբնույթ և շարունակվող ճգնաժամերի պայմաններում առաջացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար պահանջվող որակավորումների շրջանակն ընդլայնելու, նոր գիտելիքների և հմտությունների և կրթական ծրագրերում փոփոխություններ իրականացնելու հրատապությամբ և անհրաժեշտությամբ։ Կատարած հետազոտությունը թույլ տվեց ուրվագծել կոմպետենցիաների այն շրջանակը, որի պակասն ու լրացնելու անհրաժեշտությունը զգացվել է COVID-19 համաճարակի, Արցախյան 44-օրյա պատերազմի, Արցիախից բռնի տեղահանվածների ընդունման և աջակցության կազմակերպման ընթացքում օգնող մասնագետների գործառույթներում։
Զեկույցը ներկայացվեց օգոստոսի 28-ին կայացած «Կրթական հետազոտությունները անորոշության ժամանակաշրջանում․ կրթության կառավարումը պատերազմի և կոնֆլիկտի համատեքստում» միջազգային միջգիտակարգային հետազոտական խմբի պանելային քննարկմանը, որի մոդերատորն էր Ավստրիայի Գրաց քաղաքի համալսարանի դոցենտ Աննա Ալեքսանյանը։ Նույն պանելային քննարկմանը ելույթ ունեցան նաև Հայկե Վենդտը (Գրացի համալսարան), Ջոաննա Մադալինսկա-Միխալակը (Վարշավայի համալսարան), Օմիդ առցանց դպրոցի հիմնադիր Զահրա Հաշիմին (Աֆղանստան) և Օքսանա Զաբոլոտնան (Ուկրաինայի Ուման քաղաքի Պավլո Տիչինայի անվան համալսարան)։ Այս պանելային քննարկումը համաժողովի ամենաշատ մասնակիցներ ունեցող բաժիններից էր:
Ն․ Մելքոնյանը և Յու․ Մելքումյանը մասնակցեցին նաև գիտաժողովի շրջանակում իրականացված մի շարք միջոցառումների: