
Ցեղասպանագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում 2025-2026 ուստարվանից վերագործարկվում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ 1,5 տարի տևողությամբ։ Ծրագիրը, որի շրջանավարտները կստանան Միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում՝ «Ցեղասպանագիտություն» մասնագիտությամբ, եզակի է Հայաստանի Հանրապետությունում։ Այն լիովին համապատասխանում է միջազգային մագիստրոսական ծրագրերին ներկայացվող չափանիշներին։
Ծրագրի տարեկան ուսումնական վճարը կազմում է 550.000 ՀՀ դրամ։
Ցեղասպանագիտությունն աշխարհում ամենաարագ զարգացող գիտաճյուղերից է։ Ցեղասպանագիտական բազմաթիվ հիմնախնդիրներ ողջ քաղաքակիրթ աշխարհում նաև այլ գիտակարգերի (միջազգային իրավունք, պատմություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, հոգեբանություն, մշակութաբանություն և այլն) կարևոր բաղկացուցիչներ են, և ցեղասպանագիտությունը, ըստ այդմ, միջգիտակարգային գիտակրթական ոլորտ է: «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը բարելավվել և միջազգային արդի չափանիշներին է համապատասխանեցվել ինչպես բովանդակային, այնպես էլ մեթոդաբանական տեսանկյուններից։ Դրան էապես նպաստել է նախկինում ծրագրում ընդգրկված մի շարք դասընթացների փոխարինումը նոր դասընթացներով, որոնք ապահովում են և՛ ընդհանուր, և՛ միջգիտակարգային մասնագիտական գիտելիքների ընդլայնում ու խորացում։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մրցունակ, միջազգային ցեղասպանագիտության պահանջներին համապատասխանող ցեղասպանագետներ, ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների, դրանց առնչությունների, ընդհանրությունների և առանձնահատկությունների, միջազգային ցեղասպանագիտության նվաճումների, ցեղասպանությունների կանխարգելման և պատժման հարցում միջազգային իրավունքի ունեցած ձեռքբերումների և իրավունքի ոլորտում դեռևս առկա խնդիրների վերաբերյալ, զարգացնել վերլուծական ունակություններ՝ բացահայտելու ցեղասպանությունների շարժառիթները, պատճառահետևանքային կապերը, ժխտողականության հիմքերն ու գործիքակազմը, գնահատելու ցեղասպանությունների միջազգային ճանաչման գործընթացները և միջազգային հարաբերություններում այդ հարցի շուրջ առկա մոտեցումները, կիրառելու մասնագիտական և միջգիտակարգային գիտելիքները հետազոտական ու նորարարական գործունեություն իրականացնելիս։
Ծրագրի ռազմավարական կարևոր նպատակն է նաև հայ և միջազգային ցեղասպանագիտության կամրջումը, ինչն իր հերթին կնպաստի հայ ցեղասպանագիտության միջազգային հեղինակության աճին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հակագիտական շահարկումների կանխարգելմանը և միջազգային հաթակներում թուրք-ադրբեջանական ժխտողականության չեզոքացմանը։
Ծրագիրը բարձրակարգ ցեղասպանագետներ պատրաստելու հետ մեկտեղ բակալավրի մակարդակում կրթական տարբեր ուղղություններում մասնագիտացած ուսանողներին տրամադրում է նաև փոխլրացնող մասնագիտական կրթություն, որը կամրապնդի նրանց մրցունակությունը նաև իրենց բակալավրային մասնագիտության աշխատաշուկայում։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի պահանջների:
Ծրագրի առավելությունները
«Ցեղասպանագիտություն» մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի Հայաստանի և արտերկրի գիտական, կրթական, քաղաքական, մշակութային ու այլ կառուցներում։ Բացի դրնաից՝ ծրագիրն ունի ոչ թե 2, այլ 1,5 տարվա տևողություն և, ըստ այդմ, մատչելի է այն դիմորդների համար, որոնք 2 տարվա վարձավճարի դեպքում ի վիճակի չէին լինի մասնակցելու ծրագրին։ Բնականաբար, կրթական ծրագրում ուսանելու հնարավորություն ունեն նաև այն սփյուռքահայ երիտասարդները, որոնք ունեն բակալավրիատի ավարտական վկայական և ցանկանում են մասնագիտանալ ցեղասպանագիտության ոլորտում։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կունենան կարիերայի լայն ու բազմազան հնարավորություններ։ Նրանք կարող են աշխատել Հայաստանի և արտերկրի ցեղասպանագիտական, պատմագիտական, հայագիտական, գիտակրթական, գիտամշակութային հաստատություններում, Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնող պետական գերատեսչություններում, ինչպես նաև մարդու և միջազգային իրավունքով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններում և այլ կառույցներում։ Հումանիտար տարբեր մասնագիտությունների գծով բակալավրի որակավորմամբ ուսանողները, ավարտելով ծրագիրը, մրցունակ և պահանջված կլինեն նաև իրենց բակալավրային մասնագիտական աշխատաշուկայում։
Կոնտակտներ
Հեռ․՝ (+374 60) 710 092
Էլհասցե` ashot.hayruni@ysu.am, mariam.topakyan@ysu.am