Ամփոփվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» խորագրով գիտաժողովը, որը համախմբեց շուրջ չորս տասնյակ գիտնականների ավելի քան 10 երկրներից։
Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի, Բելգիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների գիտահետազոտական կառույցների ու առաջատար համալսարանների ներկայացուցիչներ։
Բազմապանելային ձևաչափով անցկացված գիտաժողովի ընթացքում ծավալվեցին առանձին քննարկումներ, երկխոսություններ։ Հատուկ քննարկման առարկա դարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումները, միջազգային ինտեգրացիոն գործընթացները, պատերազմները, ապամիասնացման և հակառակ գործընթացները, ինչպես նաև տնտեսական փոփոխություններն ու աշխարհաքաղաքականությանը հարակից այլ ուղղությունները։ Գիտաժողովի ավարտից հետո հրապարակվելու է «Journal of Political Science: Bulletin of Yerevan University»-ի հատուկ համարը, որտեղ ներկայացվելու են մասնակիցների հոդվածները։
Միջազգային գիտաժողովն ընձեռեց նաև համագործակցության նոր հեռանկարների հնարավորություններ գործընկեր բուհերի հետ։
Գիտաժողովի շրջանակում մասնակից օտարերկրյա գործընկերների նախաձեռնությամբ տեղի ունեցան առանձին հանդիպումներ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի հետ՝ քննարկելով համագործակցության ուղիներն ու ոլորտները:
Մասնավորապես՝ Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի և Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության կոնկրետ ուղղություններ։ Որոշվեց շարունակել համահեղինակությամբ հոդվածների և մենագրությունների հրատարակությունները, քննարկվեց նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համապատասխան բաժինների միջև ամառային դպրոց կազմակերպելու հարցը:
Երկու ֆակուլտետների միջև համագործակցությունն ակտիվ փուլ մտավ դեռևս 2024 թ. ապրիլին, տեղի ունեցան փոխայցելություններ, մասնակցություն կլոր սեղան-քննարկումների և միջազգային գիտաժողովների։
«Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» գիտաժողովը հնարավորություն տվեց ղազախական կողմին երկրորդ անգամ այցելելու ԵՊՀ։
Գիտաժողովի շրջանակում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր քննարկվեցին նաև Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գործընկերների հետ։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել դասախոսների առցանց փոխանակման ծրագիրը աշնանային կիսամյակում, որի մեկնարկը տրվել է դեռևս գարնանային կիսամյակում (2024)։ Վերոնշյալ ծրագրին երկու կողմերից մասնակցում են 10 դասախոսներ։ Դասախոսությունների անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի շրջանակում։ Բացի դրանից՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին նաև շարունակելու մասնակցությունը Հարավային դաշնային համալսարանի պատմության ինստիտուտի կողմից կազմակերպվող ամենամյա գարնանային (հիբրիդ ձևաչափով) դպրոցին։