Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչները ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հյուրընկալեցին Երևանի և ՀՀ մարզերի հիմնական ու ավագ 7 դպրոցների շուրջ 130 աշակերտների:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, պատմությունն ու գործող կրթական ծրագրերի առանձնահատկությունները:
Ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, ք.գ.թ. Գոռ Պետրոսյանը, պ.գ.թ., դոցենտ Ժակ Մանուկյանը և պ.գ.թ., դոցենտ Նուբար Չալըմյանը խոսեցին ընդունելության կարգի, ֆակուլտետում գործող կրթական ծրագրերի, դրանց առավելությունների, դասավանդվող առարկաների մասին:
Ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները սահիկաշարերի միջոցով անդրադարձան ֆակուլտետի կրթական ծրագրերին:
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքագետի և միջազգայնագետի՝ աշխատանքի և մասնագիտական աճի հնարավորություններին:
Հանդիպման ավարտին աշակերտներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան՝ ծանոթանալով նաև համալսարանի պատմությանը։
Նմանօրինակ այցերը կարևոր նշանակություն ունեն աշակերտների համար, քանի որ դրանք նպաստում են կրթական և մասնագիտական հետաքրքրությունների ձևավորմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը: