ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Ռայնհարդ Հայնիշը՝ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական համակազմին ներկայացնելով հետազոտության պլանավորման, հետազոտական ռազմավարությունների, ինչպես նաև միջազգային ամսագրերում հրապարակվելու հիմնադրույթները:

Հայնիշն Ավստրիայի ազգային մրցանակի դափնեկիր է, որը տրամադրվում է Ավստրիայի խորհրդարանի «Լուպակ» հիմնադրամի կողմից գիտության բնագավառում:
Նա իր ակադեմիական կարիերան սկսել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ աշխատել է Պիտսբուրգի համալսարանում, իսկ 2014 թվականից պարբերաբար դասավանդել է նաև Չինաստանի Ռենմին համալսարանում:
Բանախոսության ընթացքում պրոֆեսորն ուսանողներին ներկայացրեց հետազոտական հարցի ընտրության ինչպես հաջողված, այնպես էլ անհաջող օրինակներ, որոնք կիրառելի չեն հասարակագիտական ոլորտում ակադեմիական հոդված գրելու համար։

Նման այցերը նպաստում են ուսանողների քննական և վերլուծական մտածողության հմտությունների զարգացմանը, նաև խթանում գիտության և գիտահետազոտական աշխատանքների հանդեպ ուսանողների հետաքրքրությունը:
Պրոֆեսոր Հայնիշն ուսանողներին ներկայացրեց հետազոտության իրականացման քանակական և որակական մեթոդաբանության հիմունքները։ Նա մասնավորապես խոսեց հետազոտության պլանավորման ու տիպաբանության, ինչպես նաև մեթոդների ընտրության մասին, որոնց ճիշտ կիրառման դեպքում իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երիտասարդ գիտնականները կկարողանան իրենց հոդվածները տպագրել բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։

Պրոֆեսորի այցը կարևոր էր. նրա փոխանցած փորձն ու տեսական գիտելիքները կնպաստեն ուսանողների մասնագիտական առաջընթացին:
Դասախոսությունից հետո ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու պրոֆեսորին։