ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և համալսարանի տարբեր ֆակուլտետների համագործակցության շնորհիվ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային շարժունության ծրագրերի, առաջատար համալսարանների հետ իրականացնելու բազմաթիվ միջոցառումներ: Այս համատեքստում ուշագրավ են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արձանագրած քայլերը։
Ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, խոսելով միջազգայնացման գործընթացին առնչվող անցած տարվա ձեռքբերումների և ապագա ծրագրերի մասին, փաստեց, որ ջանքեր են գործադրվել, որպեսզի ԵՊՀ-ն նոր ուժով ներգրավվի ինչպես կրթական, այնպես էլ հետազոտական ոլորտում։

«Ձեռք բերված կապերի շնորհիվ ֆակուլտետը համագործակցում է Իտալիայի Սիեննայի, Ղազախստանի Ալ-Ֆարաբի և Ռուսաստանի հարավային դաշնային համալսարանների հետ»,- նշեց դեկանը և ընդգծեց, որ այս ընթացքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները մասնակցել են ԵՄ «Էրազմուս+» շարժունության մի շարք ծրագրերի՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ միջազգային ասպարեզում։
Նա անդրադարձավ նաև Հնդկաստանի դիտորդային հետազոտությունների հիմնադրամի (Observer Research Foundation) հետ համագործակցությանը։
«Այս համագործակցության շրջանակում, մեր ուսանողներից մեկը հրավիրված է մասնակցելու «Ռաիսինա երկխոսությանը», որը աշխարհաքաղաքականության ամենահեղինակավոր համաժողովներից է»,– նշեց նա:
Չինաստանի դեսպանության հետ համագործակցության շնորհիվ ֆակուլտետը իրականացրել է վերապատրաստում Չինաստանում։ Վերապատրաստումը կարևոր փորձառություն էր հատկապես այն ուսանողների համար, որոնք ցանկանում են իրենց գիտելիքները, փորձը և ուսումնասիրությունները խորացնել Ասիայի վերաբերյալ։
«Մենք սկսել ենք համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծման գործընթաց, որտեղ ներգրավված է նաև Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը»,– նշեց դեկանն ու հավելեց, որ ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու միջազգային տարբեր, այդ թվում՝ ակադեմիական փոխանակման ծրագրերի։
Խոսելով ապագայի ծրագրերից՝ դեկանը այդ համատեքստում շեշտեց, որ կարևորվում է միջազգային գիտահետազոտական կենտրոնի հիմնադրումը՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի ԵՊՀ-ի գիտական վարկանիշին, այլև կօժանդակի միջազգային գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացմանը:
«Մենք նախատեսում ենք համալսարանում ստեղծել ուղեղային կենտրոն, որի հիմնական նպատակներից կլինեն միջազգային լայն ճանաչման հասնելն ու համալսարանի գիտակրթական ոլորտի կարևոր բաղադրիչ դառնալը»,– ասաց նա: