Ս.թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները «Ֆինանսական ինստիտուտներ և շուկաներ» դասընթացի շրջանակում այցելեցին ՀՀ ֆոնդային բորսա (АМХ) և կենտրոնական դեպոզիտարիա (CDA):
Այցի նախաձեռնողը ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Լուսինե Մինասյանն էր, որը ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման ակունքներում է դեռևս 2001 թ.-ից՝ ակտիվ գործունեություն ծավալելով սկզբում ՀՀ արժեթղթերի շուկայի հանձնաժողովում, ապա՝ ՀՀ ԿԲ արժեթղթերի շուկայի վերահսկողության վարչությունում:
Այցի նպատակն էր ուսանողներին ներկայացնել Հայաստանի ֆոնդային բորսան և դրա կարևորությունը ֆինանսական շուկայում: Ուսանողները ծանոթացան ֆինանսական շուկայի կարևորագույն ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դեպոզիտարիայի գործունեությանը, բորսայական առևտրի կազմակերպման և իրականացման գործընթացին, ինչպես նաև ներդրման այլընտրանքային գործիքներին ու գործարքների ձևակերպման առանձնահատկություններին, որոնք բնորոշ են միայն ՀՀ ֆինանսական շուկային:
![Ուսանողների այցը ՀՀ Ֆոնդային բորսա](/sites/default/files/styles/full_text/public/2023-11/natw7903.jpg?itok=IkTV5PBs)