Ս.թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության դպրոցի դոցենտ Ինեսսա Ավանեսովայի հետ:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը և Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գնել Սահակյանը:
Քննարկվեցին նոր փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Նախանշվեցին համատեղ նախագծերի իրականացման վեկտորները, այդ թվում՝ ուսանողների ֆինանսավորման, Եվրասիական տնտեսական միության գործունեության և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող սոցիալ-տնտեսական նշանակության կարևոր թեմաներով համատեղ գիտական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև միջազգային գիտաժողովների անցկացման, նոր կրթական ծրագրերի ներդրման և առկա ծրագրերի արդիականացման ուղղություններով:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ համատեղ մի շարք ծրագրեր կկարողանան իրականացնել:
Ըստ պայմանավորվածության՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը գարնանը կմասնակցի Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական դպրոցի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
Ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի հրավերով օտարերկրյա մեր գործընկերներն աշնանը կմասնակցեն Երևանում կազմակերպվող ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդարձակել միջազգային համագործակցության շրջանակը՝ ակտիվորեն համագործակցելով միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: