Ս.թ. մարտի 13-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողները «Մակրոտնտեսագիտություն» առարկայի շրջանակում, ի լրումն ուսումնական պլանով նախատեսված լսարանային դասաժամերի, դաս անցկացրին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի գրասենյակում։
Ուսանողներին ընդունեց և ողջունեց հիմնադրամի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշեց, որ հիմնադրումից ի վեր կազմակերպությունը գործում է՝ առաջնորդվելով «սովորել, գործել, համաստեղծել» առաքելությամբ։ Նա ընդգծեց, որ հիմնադրամը կարևորում է ՀՀ բուհերի հետ համագործակցության ամրապնդումը, և այդ շրջանակում հանրապետության տարբեր բուհերի ուսանողների համար պարբերաբար տարբեր ոլորտների առաջատար և հանրաճանաչ բանախոսների մասնակցությամբ կազմակերպում են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ։ Բացի դրանից՝ հիմնադրամը շահագրգռված է խրախուսելու ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնագիտական հետազոտություններ կատարելը։ Դ. Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հիմնադրամում կազմակերպելու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-3 ուսանողների մասնագիտական պրակտիկան, ինչպես նաև առաջարկելու բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի թեմաներ և ամփոփիչ աշխատանքի կատարման համար 1-2 շրջանավարտի ապահովելու անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային պայմաններով (համակարգչով կահավորված աշխատասեղան, տպիչի, սկաների, պատճենահանող սարքի, համացանցի, էլեկտրոնային գրատախտակի հասանելիություն և այլն):
Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների ղեկավարները ներկայացրին համապատասխան ուղղությամբ կատարվող հիմնական աշխատանքները, ինչպես նաև աշխատողների և կատարվող աշխատանքների նկատմամբ հիմնական պահանջները։
Ապագա տնտեսագետ-կառավարիչներին, բնականաբար, առավել հետաքրքրում էին հիմնադրամի տնտեսագիտական ուղղության շրջանակում կատարվող գիտավերլուծական աշխատանքները։ Տնտեսագիտական ուղղության ղեկավար Սոնա Ղարիբյանը հանգամանալից ներկայացրեց իր ղեկավարած ուղղությամբ կատարվող առանցքային աշխատանքները, պատասխանեց ուսանողների հարցերին։
«Մակրոտնտեսագիտություն» դասընթացի դասախոս, դոցենտ Կ. Եղոյանը հիմնադրամում անցկացրեց առարկայի հերթական դասը։
Այցի շրջանակում ուսանողները նաև հիմնադրամի գրասենյակում կատարեցին շրջայց, ծանոթացան հիմնական աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին։