Ս.թ. մարտի 22-ին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «DVV International in Armenia»-ի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Մարաքեշ 2022–Երևան 2023/2024․ մեծահասակների ուսումնառության և կրթության գլոբալ և լոկալ միտումներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2023 թվականին մեկնարկած հետազոտությունների արդյունքները։
Նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեցին հինգ հետազոտական թիմեր` տարբեր ֆակուլտետներից։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ներկայացնում էր տ.գ.թ., դոցենտ Վարդուհի Գյոզալյանի ղեկավարած թիմը` մագիստրատուրայի ուսանողներ Հասմիկ Նորավյանի և Ալբեր Մակարյանի մասնակցությամբ։
«ՀՀ֊ում մեծահասակների ուսումնառության և կրթության պետական ֆինանսավորման հիմնախնդիրները» թեմայով հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ֆինանսավորման գործընթացի կազմակերպման առկա խնդիրներն ու առաջարկվել դրանց լուծմանն ուղղված գործնական մոտեցումներ: Ռեգրեսիոն մոդելի կիրառությամբ բացահայտվել է պետծառայողների վերապատրաստումներին ուղղվող բյուջետային միջոցների փոփոխության և պետական հատվածի միջին աշխատավարձի փոփոխության միջև կորելյացիոն կապի առկայությունը։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ներկայացնող թիմի հետազոտական աշխատանքը և համաժողովի շրջանակում դրա ներկայացումը բարձր գնահատականի արժանացավ ինչպես ժյուրիի անդամների, այնպես էլ հանդիսատեսի կողմից: «DVV International»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանն ընդգծեց ոլորտի ուսումնասիրության և զարգացման համատեքստում հետազոտության արդյունքների բացառիկ կարևորությունը՝ նշելով, որ համագործակցությունը կլինի շարունակական։