Ս.թ. ապրիլի 4-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտագործնական սեմինարի հերթական նիստը: «Տնտեսության պետական կարգավորման գործընթացում հակակշիռների մեխանիզմի ձևավորման հրամայականը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Միքայել Միքայելյանը:
Պրոֆեսորի մեկնաբանությամբ ընդգծվեցին տնտեսության պետական կարգավորման գործընթացում առկա հիմնախնդիրներն ու հակակշիռների մեխանիզմի ձևավորման հրամայականը: Ներկայացվեցին պետական կարգավորման գործընթացի ուղղությամբ կատարված վերլուծությունների արդյունքները:
Մ. Միքայելյանը շեշտեց ներկայացված առաջարկների կարևորությունը տնտեսության պետական կարգավորման գործընթացում: Սեմինարին ներկա գիտնականների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ քննարկումներ ծավալվեցին տնտեսության զարգացման գործում պետական կարգավորման դերի և կարևորության հիմնահարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։