Ս.թ. ապրիլի 9-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի գարնանային շրջանի վերջին դասընթացը: Թեև կարճաժամկետ, բայց հագեցած ծրագրի շրջանակում երեք շրջափուլով Երևանի և ՀՀ մի շարք մարզերի ավագ դպրոցների շուրջ 150 աշակերտներ հնարավորություն ունեցան մասնակցելու իր բովանդակությամբ և ուղղվածությամբ աննախադեպ այս ծրագրին:
«ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը եզրափակվեց վիկտորինայով և մրցանակաբաշխությամբ․ ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ծրագրի ընթացքում աշակերտները, ինտերակտիվ դասախոսություններից և թեմատիկ քննարկումներից զատ, ծանոթացան նաև ֆակուլտետի կառուցվածքին, կրթական ծրագրերին: Դասընթացներն ուղեկցվում էին թիմային աշխատանքներով և բիզնես խաղերով:
Ծրագրում ներգրավված էին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական կառույցների անդամները, որոնք աշակերտներին ծանոթացրին ֆակուլտետում կազմակերպվող արտալսարանային՝ ինտելեկտուալ և մշակութային միջոցառումներին:
Դպրոցականների համար նախատեսված «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը հագեցած է ուսումնական և ճանաչողական միջոցառումներով և հավակնում է դառնալու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամենամյա ավանդական միջոցառումներից: Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել աշնանային և գարնանային շրջափուլերով՝ ներգրավելով աշակերտների ՀՀ բոլոր ավագ դպրոցներից:
Ծրագիրը միտված է ամրապնդելու բուհ-դպրոց համագործակցությունը, ինչպես նաև օգնելու բարձրդասարանցիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու Երևանի պետական համալսարանի պատմությանը, արժեքներին և մշակույթին: