Ս.թ. ապրիլի 11-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտագործնական սեմինարի հերթական նիստը: «Երկրների անվտանգության մակարդակի գնահատումը և վերլուծությունը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Սամսոն Դավոյանը:
Պրոֆեսորն ընդգծեց երկրների անվտանգության դերն ու կարևորությունը կառավարման ժամանակակից համակարգերում, գլոբալացման արդի ժամանակաշրջանում: Ներկայացվեցին երկրների անվտանգության մակարդակների գնահատման էկոնոմետրիկ վերլուծություններ, որոնք իրականացվել էին 103 երկրների ընտրանքում, բազմաբնույթ 13 ինդեքսների դիտարկմամբ, 2020-2022 թթ. ընթացքում:
Համաձայն վերլուծությունների արդյունքների հիման կատարված դասակարգման՝ պրոֆեսոր Դավոյանը ներկայացրեց նաև Հայաստանին տրվող գնահատականը՝ ընդգծելով դիտարկվող խնդրի ազդեցության շրջանակները:
Սեմինարին ներկա գիտնականների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ քննարկումներ ծավալվեցին ազգային անվտանգության դերի և կարևորության հիմնահարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք։ Սեմինարներին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։