Ս.թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Թվայնացումն ու թվային տնտեսության զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովը, որի շրջանակում քննարկվեցին համագործակցության նոր ուղղություններ:
Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներին ներկայացվեցին թվայնացման և թվային փոխակերպման ոլորտի ներկա վիճակն ու զարգացումները, թվային տնտեսության ձևավորման և զարգացման հեռանկարները և այլն:
Աշխատաժողովի սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ժամանակակից աշխարհում թվայնացման դերին ու թվային տնտեսության զարգացմանն ուղղված քայլերի կարևորությանը։ ԵՊՀ ռեկտորը մատնանշեց ԵՊՀ բարեփոխումները՝ կապված թվայնացման հետ՝ առանձնապես կարևորելով այն, որ ԵՊՀ էլեկտրոնային փոստի համակարգը ենթարկվել է փոփոխության. այն այժմ գործում է «Google» հենքի վրա։
Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կարևորեց այսօրինակ միջոցառումների դերը՝ նշելով, որ դրանք միտված են պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ մասնագիտությանն առնչվող գիտատեխնիկական առաջընթացին ու նվաճումներին հաղորդակից դարձնելուն:
Անդրադառնալով աշխատաժողովի թեմայի արդիականությանը՝ Հ. Սարգսյանն ընդգծեց. «Ժամանակակից աշխարհում դժվար է գրանցել առաջընթաց՝ անմնասն մնալով թվային տնտեսությունից: Սա ենթադրում է այն մեթոդների, գործիքների ու լուծումների կիրառումը, որոնք առաջարկում է թվային դարաշրջանը: Աշխարհում թվային տնտեսության լավագույն օրինակներ կան, որոնք, կարծում եմ, հնարավոր է ձևավորել մեր երկրում»:
Ֆակուլտետի դեկանն ընդգծեց, որ այսպիսի աշխատաժողովները ևս նպաստում են թվային տնտեսության զարգացմանը: Ամփոփելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ «Թվային Հայաստան» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն:
«Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը ևս կարևորեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համագործակցությունն ու դրա շրջանակում կազմակերպված աշխատաժողովը: Նրա խոսքով՝ ֆակուլտետը կարևորագույն դեր ունի լավ տնտեսագետներ և կառավարման մասնագետներ ձևավորելու գործում:
Խոսելով ֆակուլտետի՝ թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում ունեցած էական դերից՝ Ս. Քրմոյանը մատնանշեց. «Պետությունը նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումներ, որոնց հենքը թվայնացումն ու տեխնոլոգիական առաջընթացն են: Այս համատեքստում կարևոր է ակադեմիական հանրույթում գիտահետազոտող կադրերի պատրաստումը, և հատկանշական է ֆակուլտետի՝ այս գործընթացին մասնակից լինելը: Սա նաև կնպաստի, որ ֆակուլտետի շրջանավարտները իրենց տեղը հեշտությամբ գտնեն թվային տնտեսության մեջ և իրենց գործելակերպով նպաստեն դրա զարգացմանը»: