ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Տնտեսական քաղաքականության վերլուծական կենտրոն» ՀԿ նախագահ Գարիկ Դինգչյանը, կարևորելով գիտակրթական գործընթացների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ստորագրել են համագործակցության հուշագիր:
Կողմերի համոզմամբ՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնագիտական ներուժի, ինչպես նաև Տնտեսական քաղաքականության վերլուծական կենտրոնի գործունեության ընթացքում կուտակված փորձի ու կարողության համադրմամբ հնարավոր կլինի ապահովել արդյունավետ համագործակցություն: Հուշագրի շրջանակում կողմերն իրենց փորձն ու հնարավորությունները մեկտեղելու պարտավորություն են որդեգրում՝ ի նպաստ բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու կրթությունից աշխատաշուկա անցումը դյուրացնելուն:
Համագործակցության շրջանակում կողմերը պատրաստակամ են համագործակցելու մի շարք ուղղություններով, այդ թվում՝ համատեղ մշակելու և կազմակերպելու կրթական ծրագրերի արդիականացմանը և աշխատանքի շուկայի նոր պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումներ՝ գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ, համաժողովներ, վարպետության դասեր և այլն՝ գործընթացներին մասնակից դարձնելով նաև ՀԿ-ի մասնագետներին, ՀԿ-ի հետ համագործակցող դասախոսական անձնակազմին:
Հուշագրով նախատեսվում է նաև մի շարք այլ համատեղ գիտակրթական նախագծերի կազմակերպում և իրականացում, համատեղ գրքերի, ուսումնական ձեռնարկների մշակում և հրատարակում, կրթական ծրագրերով ուսումնառողների պրակտիկաների կազմակերպում և անցկացում, հնարավորության դեպքում բարձր առաջադիմությամբ ուսանողներին` նպաստների և կրթաթոշակների տրամադրում, ինչպես նաև ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի տեղավորման աջակցություն։
Անհրաժեշտությունից ելնելով՝ կողմերը պատրաստակամ են մշտապես քննարկելու և մշակելու համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման նպատակով: