ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 10-ին «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ 3-րդ կուրսերի ուսանողների համար «Ներքին աուդիտի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդացին հրավիրյալ բանախոս, Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և նույն ինստիտուտի փոխնախագահ, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավար Անգելինա Մնացականյանը:
Բանախոսները ներկայացրին ներքին աուդիտի սկզբունքները, գործառույթները, արտաքին և ներքին աուդիտի տարբերությունները, դրանց դերը կորպորատիվ կառավարման համատեքստում, ինչպես նաև ներքին աուդիտի լիարժեք կայացման համար արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, որի ժամանակ բազմաթիվ հարցեր հնչեցրին թե՛ ուսանողները, թե՛ հանդիպման մասնակից դասախոսները:
Նշենք, որ Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012 թվականին որպես հասարակական կազմակերպություն՝ ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում:
Հիմնադրման օրվանից ինստիտուտը միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին աուդիտորների ինստիտուտ-գլոբալի ներկայացուցիչն է Հայաստանում: 2015 թվականի սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ է: